ԵԱՏՄ պետությունները կատարելագործում են էքսպրես բեռների և էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրման կանոնները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից պրոֆիլային աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկել են էքսպրես բեռների և էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային գործառնությունների օպտիմալացման նոր նախաձեռնությունները։ ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Կուատ Ռախիմովի նախագահությամբ կայացած քննարկմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների պետական մարմինների, ազգային փոստային օպերատորների և էքսպրես փոխադրողների ներկայացուցիչներ։

Մասնակիցները հիմնական ուշադրությունը դարձրել են երկու առանցքային ուղղություններին։ Առաջինը՝ մաքսային հսկողության ավտոմատացումը։ Ղազախստանի կողմն առաջարկել է էքսպրես բեռների և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրերում հատուկ ծածկագրված տեղեկություններ նշել արգելքների և սահմանափակումների վերաբերյալ։ Ծածկագրերի օգտագործումը թույլ կտա ավտոմատացնել փաստաթղթերի ստուգումը։ Հեռանկարում դա զգալիորեն կարագացնի մաքսային գործառնությունների ընթացքը և կկրճատի վերջնական ստացողներին առաքանիների առաքման ժամանակը։

Երկրորդը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանումը։ Հատուկ շեշտ է դրվել ԵԱՏՄ երկրների մարկետփլեյսերում և համացանցային հարթակներում օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերվող և արտահանվող ապրանքների նկատմամբ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի պարզեցված ձևի կիրառմանը։ Ընթացակարգի նպատակն է դյուրացնել տեղական վաճառողների մուտքը միջազգային շուկաներ։

Հանձնաժողովը կնախապատրաստի էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի լիացման կարգի համապատասխան փոփոխությունները։

Հանձնաժողովի 2018 թվականի օգոստոսի 28-ի N 142 որոշմամբ հաստատվել են էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ձևը և լրացման կարգը։

Հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N 158 որոշմամբ հաստատվել են էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը և լրացման կարգը։

Հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 143 որոշմամբ հաստատվել են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ձևը և լրացման կարգը:

Էքսպրես բեռների և միջազգային փոստային առաքանիների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգի կատարելագործման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2018 թվականին ԵՏՀ կոլեգիային առընթեր Մաքսային կարգավորման խորհրդատվական կոմիտեին կից։ Խմբի գործունեության շրջանակն ընդգրկում է էսքսպրես բեռների, միջազգային փոստային առաքանիների և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրման հարցերը։

 

Скачать исходники фотографий