ԵՏՀ նախարարը նշել է, որ ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը 2025 թվականին պահպանվում են Հայաստանում՝ 6%, Ղազախստանում՝ 6.3% և Ղրղզստանում՝ 10%: Փոքր-ինչ դանդաղել է աճը Բելառուսում և Ռուսաստանում: Միաժամանակ երկրներում արտադրական հզորությունների բեռնումը և փոխադարձ առևտրի ծավալը մնում է նախորդ տարվա մակարդակին:
«Անդամ պետությունների մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասի դինամիկան դրական է մնում. աճի բարձր տեմպերը պահպանվում են ներքին պահանջարկին ուղղված տնտեսության ոլորտներում՝ մանրածախ առևտրում և շինարարությունում: Երկրների մեծ մասում գործազրկությունը պատմականորեն ցածր մակարդակում է», — հայտնել է ԵՏՀ նախարարը:Դանիյար Իմանալիևը նաև նշել է, որ համաշխարհային տնտեսությունում պարտքային կայունության հիմնախնդիրների սրման ֆոնին անդամ պետություններում նկատվում է պետական կառավարման հատվածի և մասնավոր հատվածի պարտքի հարաբերական մակարդակի նվազում: Կողմերը նաև քննարկել են փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների ավելացման հարցը:
Հաշվի առնելով աճած գնաճի դեմ պայքարի համար ազգային (կենտրոնական) բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության ոլորտում ընդունվող որոշումները՝ ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը ներկայացրել է ԵԱՏՄ պետությունների տնտեսական աճի վրա իրական տոկոսադրույքների ազդեցության ակնարկը: Այս թեմայով ակտիվ քննարկում է կայացել դրամավարկային կարգավորման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման մասնակիցները նշել են արդիական տնտեսական հարցերի շուրջ հետագա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը: