ԵՏՀ կոլեգիան երկու տարի ժամկետով զրոյացրել է հանքային պարարտանյութերի արտադրության համար նախատեսված ֆոսֆատների ներմուծման մաքսատուրքերը
13.01.2026

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան մինչև 2028 թվականի փետրվարի 29-ը ներառյալ մաքսային արժեքի 0%-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել աղացած՝ կալցիումի ֆոսֆատների՝ բնական, ալյումինա-կալցիումային ֆոսֆատների՝ բնական և ֆոսֆատային կավճի նկատմամբ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2510 20 000 0 ծածկագիր):

«Ներմուծման զրոյական մաքսատուրքի կիրառումը թույլ կտա ապահովել հանքային պարարտանյութ արտադրողների հզորությունների բեռնում Եվրասիական տնտեսական միության տարածքում ֆոսֆատների մշակման սահմանափակ ծավալների պայմաններում», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։

ԵՏՀ կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 186 որոշմանը համապատասխան՝ 2024 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի հունվարի 4-ը նշված ապրանքների նկատմամբ արդեն կիրառվում էր մաքսային արժեքի 0%-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ: