Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հունիսի 2-ի նիստում հավանություն է տվել բուսասանիտարական կարգավորման կատարելագործմանը և բիզնեսի վարչական բեռի նվազեցմանն ուղղված ԵՏՀ խորհրդի որոշումների նախագծերը:
«Հավանություն ստացած որոշումները փորձագիտական համայնքի և բիզնեսի հետ երկխոսության արդյունք էին: Մեզ համար կարևոր է ապահովել Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների ազատ տեղաշարժը՝ պահպանելով քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանության անհրաժեշտ մակարդակը», — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը:
Որոշումներից մեկով առաջարկվում է վերացնել տոմատի, պղպեղի և սմբուկի թարմ պտուղների համար պեպինո մոզաիկայի վարակի բացակայության մասին պահանջը: ԵՏՀ խորհրդի կողմից որոշումն ընդունելուց հետո կպարզեցվի նշված արտադրանքի շրջանառությունը՝ պահպանելով բուսասանիտարական անվտանգության պատշաճ մակարդակը:
Նաև առաջարկվում է պարզեցնել ԵԱՏՄ պետությունների միջև փայտե փաթեթավորման և ամրակման նյութերի տեղափոխումը: Դրանց ներմուծումը և տեղափոխումը կարող է իրականացվել առանց բուսասանիտարական հավաստագրի, եթե առկա է անհրաժեշտ մշակումը, այդ թվում՝ տաքացումը կամ ծխահարումը հաստատող հատուկ մակնշում:
Որոշումների նախագծերը սահմանված կարգով կքննարկվեն Հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում:
Բուսասանիտարական պահանջների պարզեցումը վերազգային կարգավորման կատարելագործման, ավելորդ վարչական խոչընդոտների վերացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քաղաքացիների և բիզնեսի համար ավելի հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ ԵՏՀ-ի կողմից կատարվող համակարգային աշխատանքի մի մասն է: