Նորություններ

23.05.2023 (Обновлено: 25.05.2023 09:39)

ԵՏՀ Կոլեգիան տուգանել է դեղամիջոցների դիստրիբյուտորին տեղեկատվություն չտրամադրելու համար

Ռուսական «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն և նրա ղեկավարը տուգանվել են ավելի քան 450 հազար ռուբլու չափով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը չտրամադրելու համար։

Դեղամիջոցների անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշանների առկայության մասին նյութերի քննարկման շրջանակներում ԵՏՀ-ն տեղեկատվություն է պահանջել մի շարք իրավաբանական անձանցից, այդ թվում՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ից։ Սակայն «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ընկերությունը սահմանված ժամկետներում տեղեկատվություն չի տրամադրել։

Այս փաստով Հանձնաժողովն այս տնտեսավարողի և նրա ղեկավարի նկատմամբ գործ է հարուցել և քննել։

Մայիսի 23-ին ԵՏՀ Կոլեգիան որոշում է ընդունել տնտեսավարող սուբյեկտին և նրա պաշտոնատար անձին ավելի քան 450 հազար ռուսական ռուբլու ընդհանուր գումարի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

ԵՏՀ Կոլեգիայի որոշումն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակումից 30 օրը լրանալուց հետո։

Հիշեցնենք, որ համաձայն Եվրասիական տնտեսական միության իրավունքի՝ տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), ոչ առևտրային կազմակերպությունները, պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, անդամ պետությունների՝ նրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ (նրանց պաշտոնատար անձինք) ֆիզիկական անձինք ԵՏՀ պահանջով սահմանված ժամկետներում պարտավոր են ներկայացնել Հանձնաժողովին վերապահված լիազորություններին համապատասխան վերջինիս անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները: