Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հանձնարարական է ընդունել, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության երկրների ծովային անցակետերում և նավահանգիստներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացմանը և թվային տեխնոլոգիաների կիրառմանը:
Հանձնարարականն ընդունվել է Ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգի և համապատասխան միջոցառումների պլանի իրականացման համար:
Փաստաթղթի հիման վրա Միության պետություններին ԵՏՀ-ի հետ համատեղ խորհուրդ է տրվել իրականացնել թվային տեխնոլոգիաների կիրառման ամենամյա մշտադիտարկում, ինչպես նաև շահագրգիռ երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ թվային տրանսպորտային միջանցքների ստեղծման մասին խորհրդակցություններ անցկացնել:
Հանձնարարականը շեշտը դնում է ԵԱՏՄ երկրների տարանցիկ ներուժի բարձրացման գործում թվայնացման առանցքային դերի վրա՝ նպաստելով լոգիստիկ գործընթացների օպտիմալացմանը և ինտեգրմանը մատակարարումների գլոբալ թվային շղթաներում: