ԵՏՀ Կոլեգիան մաքսային քվոտաներ է սահմանել 2025 թվականին մսի որոշ տեսակների և կաթնային շիճուկի ԵԱՏՄ ներմուծման համար
20.08.2024

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է կայացրել 2025 թվականի համար մսամթերքի առանձին տեսակների և կաթնային շիճուկի նկատմամբ սակագնային քվոտաների նշանակման և բաշխման վերաբերյալ։

«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան, ԵՏՀ-ն սահմանում է սակագնային քվոտաները երրորդ երկրներից ծագող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ, հաշվի առնելով անդամ պետություններում դրանց սպառման և արտադրության հավասարակշռությունը, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև երկրների պարտավորությունները», — հիշեցրել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար սակագնային քվոտաները 2025 թվականի համար սահմանվել են պետությունների՝ ԱՀԿ-ին միանալու մասին արձանագրություններում ամրագրված չափերով։ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար սակագնային քվոտաները սահմանվել են սպառման և արտադրման միջև տարբերությունը չգերազանցող ծավալներով՝ հաշվի առնելով կողմերի պահանջները:

Այսպես, խոշոր եղջերավոր անասունների մսի քվոտաները կկազմեն 9.5 հազ. տոննա՝ Հայաստանի Հանրապետության համար, 21 հազ. տոննա՝ Բելառուսի Հանրապետության, 5 հազ. տոննա՝ Ղրղզստանի Հանրապետության և 570 հազ. տոննա՝ Ռուսաստանի Դաշնության համար։ Խոզի մսի համար քվոտաները կբաշխվեն հետևյալ ծավալներով. 9.4 հազ. տոննա՝ Հայաստանի Հանրապետության համար, 20 հազ. տոննա՝ Բելառուսի Հանրապետության համար և 2 հազ. տոննա՝ Ղրղզստանի Հանրապետության համար։

Մսի և թռչնի ենթամթերքների քվոտաները կկազմեն 35.1 հազ. տոննա՝ Հայաստանի Հանրապետության համար, 10.9 հազ. տոննա՝ Բելառուսի Հանրապետության համար, 140 հազ. տոննա՝ Ղազախստանի Հանրապետության համար, 58 հազ. տոննա՝ Ղրղզստանի Հանրապետության համար և 364 հազ. տոննա՝ Ռուսաստանի Դաշնության համար։

Կաթնային շիճուկի ներմուծման քվոտան Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է 0.7 հազ. տոննա ծավալով և Ռուսաստանի Դաշնության համար՝ 15 հազ. տոննա ծավալով։