Մաքսիմ Երմոլովիչը և ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ղեկավարները քննարկել են անդրսահմանային շուկաներում մրցակցության հարցեր
Հուլիսի 3-ին Աստանայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը խորհրդակցություն է անցկացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի երկրների մրցակցության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների մասնակցությամբ։

Մանրամասն քննարկվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հնարավոր նշանների հայտնաբերման նպատակով ապրանքային շուկաների և տնտեսության հատվածների նախաձեռնողական հետազոտությունների անցկացումը և կարծիքներ են փոխանակվել մրցակցության վիճակի նախաձեռնողական գնահատման մոտեցումների մասին։

«ԵԱՏՄ դատարանը վերահաստատել է շուկաների նախաձեռնողական հետազոտության ԵՏՀ իրավունքը և այդ նպատակով տեղեկատվություն տրամադրելու մասին հարցումներ ուղարկելը, — նշել է ԵՏՀ նախարարը։ — Սակայն կան նրբություններ, որոնք վերաբերում են ԵՏՀ-ի հարցումով տեղեկատվություն չտրամադրելու կամ թերի կամ սուտ տեղեկատվություն տրամադրելու համար տնտեսավարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելուն, ինչը ռիսկեր է ստեղծում հետազոտության ժամկետների, լիարժեքության և համապատասխանության համար»։

Մաքսիմ Երմոլովիչը վերահաստատել է, որ ԵՏՀ մտադիր է շարունակել նախաձեռնողական հետազոտություններ կատարելու աշխատանքները՝ հիմք ընդունելով բաց աղբյուրների տեղեկատվությունը, վիճակագրական տվյալները և շուկաների մասնակիցների կողմից կամավոր տրամադրվող տեղեկությունները։

Խորհրդակցության ընթացքում կարևորվել է ԵՏՀ հետ ԵԱՏՄ երկրների մրցակցային գերատեսչությունների տեղեկատվական փոխգործակցության ուժեղացումը, այդ թվում՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության խախտման նշանների հայտնաբերման մասին տեղեկատվության փոխանակման մասով։

Խորհրդակցության աշխատանքներին նաև մասնակցել են ԵԱՏՄ կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները։