Մաքսիմ Երմոլովիչը Բիշքեկում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵԱՏՄ-ում մրցակցության և պետական գնումների հարցերի շուրջ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչն աշխատանքային այցով եղել է Բիշքեկում, որտեղ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Ղրղզստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարների հետ։

Մասնավորապես, բանակցություններ են կայացել ֆինանսների նախարար Ալմազ Բակետաևի, թվային զարգացման նախարար Նուրիա Կուտնաևայի, էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Գյուլշատ Ասիլբաևայի, ֆինանսների փոխնախարար Ուլուգբեկ Կալենդերովի, Էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման ծառայության նախագահ Ժենալի Օրոզբաևի, ֆինանսների նախարարությանն առընթեր պետական գնումների վարչության տնօրեն Բեկ Աբդիրախմանովի հետ։

Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում պետական գնումների հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ իրավունքին անդամ պետությունների օրենսդրության համապատասխանության մշտադիտարկման արդյունքները, պետական գնումների նպատակով էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման միջոցառումների պլանի իրականացման ընթացքը, վիճակագրական հաշվետվությունների և այս ոլորտում Միության իրավունքի կատարելագործման հարցեր։

Կողմերը քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագներ սահմանելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորման միջոցառումների պլանի իրականացման հարցը։

Հանդիպումների ընթացքում անդրադարձել են նաև 2025 թվականին Միության ապրանքային շուկաներում մրցակցության վիճակի գնահատման և ոլորտային հետազոտությունների նախաձեռնողական իրականացման հարցը, այդ թվում՝ ներդրված հակագնագցման միջոցների շրջանակներում։

Առանձին անդրադարձել են մրցակցության քարոզչության շրջանակներում «Մրցակցային իրավունքը ԵԱՏՄ տարածքում. միջազգային և տարածաշրջանային մոտեցումներ» կրթական ծրագրի և «ԵԱՏՄ տարածքում թվային շուկաների հետազոտության և կարգավորման արդիական հարցեր» խորհրդաժողովի անցկացման Հանձնաժողովի նախաձեռնությանը:

Կարևորվել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի հանրային ընդունարանների անցկացումը՝ մրցակցության ապահովման, պետական գնումների և ԵԱՏՄ անդրսահմանային շուկաների գործունեությանն առնչվող այլ հարցերի շուրջ Ղրղզստանի Հանրապետության բիզնեսի հետ ուղիղ երկխոսության համար։