ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի՝ ԱՓՎՄԽ (Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության) և ԱՊՀ գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով Աստանա կատարած աշխատանքային այցի առաջին օրը կայացել են մի շարք միջազգային հանդիպումներ։ Միխայիլ Մյասնիկովիչը Սինգապուրի Հանրապետության վարչապետի աշխատակազմի նախարար, արտաքին գործերի և կրթության երկրորդ նախարար, դոկտոր Մալիքի Օսմանի հետ քննարկել է ԵԱՏՄ և Սինգապուրի միջև առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մի կողմից՝ ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների, մյուս կողմից՝ Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացմանը։
Վարչապետի աշխատակազմի նախարար, դ-ր Մալիքի Օսմանը նշել է սինգապուրյան կողմի շահագրգռվածությունը համաձայնագրի շուտափույթ ուժի մեջ մտնելու հարցում, ինչպես նաև տեղեկացրել Միության առանձին երկրների հետ ծառայությունների առևտրի և ներդրումների հարցերը կարգավորող երկկողմ փաստաթղթերի շուրջ ընթացող բանակցային աշխատանքի մասին։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահն իր հերթին կարևորել է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի՝ որպես աշխարհի տնտեսապես և տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներից մեկի, գործընկերությունը։
Դ-ր Մալիքի Օսմանը Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրել է այցելել Սինգապուր։
Միխայիլ Մյասնիկովիչը և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը քննարկել են ԵԱՏՄ աշխատանքներին Ուզբեկստանի որպես դիտորդ պետության մասնակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը ուղղված երկկողմ փոխգործակցության տարբեր ասպեկտներին։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը և Կենտրոնական Ասիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Գերմանը մտքեր են փոխանակել Կենտրոնական Ասիայի պետությունների և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական փոխգործակցության հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կազմակերպության գործունեության առանձին ասպեկտներին։ Քննարկվել են միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր։