Նորություններ

19.05.2022 (Обновлено: 27.05.2022 10:37)

Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպում է ունեցել ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինի հետ

Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև համագործակցության խորացման ուղղությունները քննարկել են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը մայիսի 18-ին Մոսկվայում՝ Հանձնաժողովի կենտրոնական գրասենյակում:

Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ ԵԱՏՄ-ի և Միությանը չանդամակցող ՇՀԿ անդամ երկրների ապրանքաշրջանառությունը հետհամավարակյան 2019 թվականի համեմատ ավելացել է մեկ քառորդով ու հասել գրեթե 200 մլրդ ԱՄՆ դոլարի: «Իսկ դա նշանակում է, որ մեր համատեղ ջանքերն արդյունք են տալիս», – ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը: 

Նա առաջարկել է շարունակել աշխատանքը երկու միավորումների ներուժի միավորման ուղղությամբ և ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության միջև Փոխըմբռնման հուշագրի իրականացման նպատակով, որը կնքվել է 2021 թվականի սեպտեմբերին, մոտ ժամանակներս համաձայնեցնել 2022-2025 թվականների համատեղ միջոցառումների պլանը: Փաստաթղթի նախագիծն արդեն նախապատրաստվել և ուղարկվել է ՇՀԿ քարտուղարության հասցեով։ Կողմերը մտադրություն են հայտնել փաստաթուղթը ստորագրել ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք ՇՀԿ գագաթաժողովին, որը տեղի կունենա Սամարկանդում՝ Ուզբեկստանի նախագահության շրջանակներում։

«ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն կարող են ձևավորել միջազգային հարաբերությունների նորացված հիմնակմախքը», – ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։

«Այսօր աշխարհում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, որոնք ազդում են մեր կազմակերպությունների բոլոր անդամների վրա, – ընդգծել է Չժան Մինը: – Ըստ ամենայնի, ամբողջությամբ փոխվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծված միջպետական փոխհարաբերությունների համակարգը։ Եվ մենք պատրաստ ենք քննարկել, թե ինչպես մենք միասին կարող ենք դիմակայել ի հայտ եկող մարտահրավերներին, որպեսզի ապահովենք մեր բոլոր երկրների երկարաժամկետ շահերը»։

Չժան Մինը հայտնել է, որ ՇՀԿ-ի երկրների ղեկավարները նշել են չինական «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության և Եվրասիական մեծ գործընկերության զուգակցման անհրաժեշտությունը, որի հենարանը Եվրասիական տնտեսական միությունն է:

Միխայիլ Մյասնիկովիչը, իր հերթին, զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն մեծ հնարավորությունների վրա, որոնք բացվում են ՇՀԿ երկրների բիզնեսի համար փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության պատճառով, ներառյալ Միության անդամ մի շարք պետությունների վրա պատժամիջոցային ճնշումը:

«Ձեռնարկություններին հարկավոր է կողմնորոշվել դեպի «երկարաժամկետ» աշխատանք՝ Եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում տնտեսական համագործակցության հիմքը ձևավորելու համար, – նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը: – Մաքսասակագնային և տեխնիկական կարգավորման համակարգի միջոցով, որոնք ԵԱՏՄ-ում վերազգային մակարդակի են բերվել, մենք կկարողանայինք բարենպաստ պայմաններ ստեղծել նրանց աշխատանքի համար: Բացի այդ, առկա են էներգետիկ հատվածում, ինչպես նաև լոգիստիկայում համագործակցության լավ հեռանկարներ»։

Հանդիպման շրջանակներում կողմերը նաև առանձին ուշադրություն են հատկացրել ֆինանսական ոլորտում փոխգործակցությանը, մասնավորապես՝ ազգային արժույթներով փոխհաշվարկների և գնագոյացման հարցերին:

Միխայիլ Մյասնիկովիչը ՇՀԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է մասնակցելու Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին և Պետերբուրգյան միջազգային տնտեսական հոբելյանական համաժողովի շրջանակներում Հանձնաժողովի միջոցառումներին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը: