Նորություններ

22.12.2022 (Обновлено: 17.01.2023 14:51)

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը գործընկերներին շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկ ոլորտի իր գործընկերներին և երրորդ երկրների գործընկերներին շնորհավորել է մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ։

Միության երկրներում բոլորից վաղ այն նշել են Ղազախստանի Հանրապետությունում՝ դեկտեմբերի 18-ին։ ԵԱՏՄ մյուս պետություններում՝ Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում այս տոնը նշվում է այսօր՝ դեկտեմբերի 22-ին։

«Էներգետիկ համալիրի լավ համակարգված և անխափան աշխատանքը տնտեսության բոլոր ճյուղերի դինամիկ զարգացման առանցքային պայմաններից է և յուրաքանչյուր տարածաշրջանի, յուրաքանչյուր պետության և ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության մրցունակության բարձրացման կարևորագույն բաղադրիչը», - իր շնորհավորական խոսքում ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը։

Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի ազգային մարմինների և փորձագիտական հանրության հետ սերտ համագործակցությամբ Հանձնաժողովը մշակում է Միության ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման առաջարկներ։ Էներգառեսուրսների ընդհանուր շուկաների գործունեությունը թույլ կտա էլեկտրաէներգիայի և ածխաջրածինների թափանցիկ գներ ձևավորել եվրասիական «հնգյակի» երկրների տնտեսությունների կայուն զարգացման համար՝ երաշխավորելով նրանց էներգետիկ անվտանգությունը։

ԵՏՀ նախարարի խոսքով՝ Միության էներգետիկ համալիրում այժմ ակտիվորեն ներդրվում են թվային տեխնոլոգիաներ, ներդրումներ են ներգրավվում լայնածավալ նախագծերի իրականացման համար, գործարկվում նոր օբյեկտներ ու հզորություններ։ Միաժամանակ էներգետիկներն ապահովում են բոլոր արտադրական գործընթացների բնապահպանական անվտանգությունը:

«Համալիրի աշխատողների իրավասության ամենաբարձր մակարդակի, մեծ աշխատունակության, պատասխանատվության, այլ բարձր անձնային որակների շնորհիվ նրանց աշխատանքն ամեն օր փոխում է մեր կյանքը դեպի լավը, այն ավելի պայծառ ու ջեր դարձնումմ,- համոզված է Արզիբեկ Կոժոշևը։ – Թող ձեր սրտերի էներգիան երբեք չցամաքի, սիրելի՜ էներգետիկներ: Մաղթում եմ ձեզ հաջող աշխատանքային օրեր, ընտանեկան ուրախություններ և խաղաղ երկինք»։

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում Արզիբեկ Կոժոշևը նաև շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովին մասնագիտական տոնի կապակցությամբ։

Եվրասիական ինտեգրման զարգացման գործում ներդրած էական ավանդի, եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված աջակցության իրականացման գործում առանձնահատուկ ծառայության համար և Էներգետիկի օրվա տոնակատարության կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը պարգևատրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Եվրասիական ինտեգրման զարգացման գործում ներդրման համար» կրծքանշանով: