Համաժողով-2026-ում քննարկել են գլոբալ տնտեսության փոխակերպման պայմաններում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հեռանկարները

Մայիսի 29-ին Աստանայում՝ 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «Եվրասիական տնտեսական ինտեգրում. մարտահրավերները և հեռանկարները» թեմատիկ նստաշրջանի մասնակիցները քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման առանցքային հարցեր:


Քննարկմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ, Եվրասիական տնտեսական միության էկոնոմիկայի նախարարությունների, զարգացման ինստիտուտների ղեկավարներ, գիտական փորձագետներ:

Քննարկման մասնակիցները նշել են տնտեսության փոխակերպման գլոբալ գործընթացները և անդամ պետությունների և ամբողջ Միության համար առկա հարակից մարտահրավերները: Դրանց թվում են համաշխարհային առևտրի կանոնների փոփոխությունը, մատակարարումների գլոբալ շղթաների վերակառուցումը, հումքի և պարենի գների աճը, թվայնացման, ռոբոտացման, արհեստական բանականության ներդրման հետ կապված տեխնոլոգիաների ինտենսիվ զարգացումը: Բանախոսները հատուկ անդրադարձել են նոր իրողություններում ԵԱՏՄ տնտեսական ներուժին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևը խոսել է Միության գործունեության կարևոր արդյունքների, երկարաժամկետ հեռանկարում եվրասիական օրակարգի առանցքային ուղղությունների, համաշխարհային տնտեսության գլոբալ փոփոխությունների պայմաններում անդամ պետությունների հնարավորությունների մասին:

ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է արտաքին մարտահրավերներին արդյունավետ պատասխանելու, փոխադարձ առևտրի կայունությունն ապահովելու և անդամ պետությունների միջև կոոպերացիոն շփումներն ամրապնդելու կարողությունը:

«ԵԱՏՄ-ն կայացել է որպես մեր պետությունների, բիզնեսի և քաղաքացիների առջև դրված առանցքային խնդիրների լուծման գործուն մեխանիզմ: Մենք պահպանել ենք փոխադարձ առևտրային հոսքերի ինտենսիվությունը, գործարկել արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմը, ամրապնդել ընդհանուր շուկան: Այսօր Միությունը համաշխարհային ասպարեզում տնտեսական ձգողականության բևեռներից մեկն է», - հայտարարել է Դանիյար Իմանալիևը:

Նա նաև նշել է, որ թվայնացման, արհեստական բանականության և ռոբոտացման զարգացման պայմաններում ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է ուժեղացնել աշխատանքն այս ուղղություններով:

«Մեր ընդհանուր խնդիրն է՝ արագացնել Միության շրջանակներում տեխնոլոգիական զարգացումը: Դրա համար ունենց անհրաժեշտ բոլոր գործիքներն ու ներուժը», - ընդգծել է ԵՏՀ նախարարը:

Դանիյար Իմանալիևը հայտնել է, որ համոզված է անդամ պետությունների հետագա արդյունավետ փոխգործակցության հարցում, կարևորել փորձագիտական և գիտական համայնքի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում: