«Անտիկոնտրաֆակտ» համաժողովում քննարկել են մտավոր սեփականության պաշտպանության թվային ապագան

Աստանայում ավարտվել է «Անտիկոնտրաֆակտ» 14-րդ միջազգային համաժողովը, որի աշխատանքներին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի մասնակցությամբ:


Համաժողովի թեման՝ «Թվային տնտեսությունն առանց կեղծարարության. վստահություն և թափանցիկություն», պատահաբար չէր ընտրվել: Ինչպես նշել են մասնակիցները, այն ուղղակիորեն կապված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների զարգացման մասին պետությունների ղեկավարների կողմից ընդունված հռչակագրի դրույթների հետ, որում որպես հիմնական վեկտորներ նշված են թվայնացումը և իրավատերերի իրավունքների պաշտպանության համար անխափան իրավական միջավայրի ձևավորումը:

 

Քննարկումները կայացել են տասը թեմատիկ հարթակներում, որտեղ տարբեր երկրների պետական մարմինների, բիզնեսի և գիտության ներկայացուցիչներ խոսել են տնտեսությունում կեղծարարության և ծովահենության դեմ պայքարի արդիական հարցերի շուրջ: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության և մի շարք այլ միջազգային ինստիտուտների պատվիրակներ: Քննարկման թեմաների շարքում էին թվայնացումը, մտավոր սեփականության օբյեկտների ստեղծման և գրանցման գործընթացներում, ինչպես նաև ապրանքների ապօրինի շրջանառության բացահայտման և կանխման մեխանիզմներում արհեստական բանականության տեխնոլոգիաների և նեյրոցանցերի ներդրումը:

«Միջազգային ձևաչափի մի ամբողջ շարք միջոցառումների աշխատանքներին մասնակցելու հնարավորությունը, անշուշտ, մեծացնում է Համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը, - ընդգծել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: - Ընդ որում, մենք տեսնում ենք ոչ միայն մեծ թվով առերես մասնակիցներ, այլև առցանց ունկնդիրներ: Սա վերահաստատում է, որ կեղծարարության դեմ համատեղ պայքարը տեղափոխվում է գործնական թվային հարթություն: Մենք արձանագրում ենք մտավոր սեփականության օբյեկտների գրանցման գործընթացներում ԱԲ գործիքների ներդրման դրական արդյունքները, տեսնում ենք արհեստական բանականությամբ ստեղծված օբյեկտների իրավական պահպանության մոտեցումների համաժամացման անհրաժեշտությունը:

Համաժողովի մասնակիցները նշել են ԵԱՏՄ պետությունների շուկաների սպիտակեցման դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել ինչպես մտավոր սեփականության օբյեկտների գրանցման համակարգերում, այնպես էլ լոգիստիկայում բլոկչեյն տեխնոլոգիաների օգտագործման, թվային ծովահենային բովանդակության արգելափակման գործիքների կիրառման, անդրսահմանային փոխգործակցության թվայնացման, ապրանքների թվային մակնշման և հետագծելիության համակարգերի ներդրման շնորհիվ:

Քննարկվել է նաև Հանձնաժողովի կողմից Միության պետությունների հետ համատեղ մշակված երկու առանցքային միջազգային պայմանագրի՝ Համացանցում մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքանի մասին համաձայնագրի և ԵԱՏՄ անդամ պետություններում պահպանվող մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության որոնման ծառայության մասին համաձայնագրի նախապատրաստումը:

Այս համաձայնագրերով նախատեսված մեխանիզմների ներդրումը կնպաստի Միությունում մտավոր ձեռնարկատիրական գործունեության, ստեղծարար ինդուստրիաների ակտիվացմանը և իրավատերերի իրավունքների պաշտպանությանը: Առաջիկա պլաններում են ԱԲ-ի կողմից կամ օգտագործմամբ ստեղծված մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության մոտեցումների մշակումը, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության հանձնարարականների նախապատրաստումը:

Stanford AI Index 2026 տվյալներով՝ արհեստական բանականության համար 2025 թվականին կատարված գլոբալ կորպորատիվ ներդրումները գերազանցել են 580 մլրդ դոլարը, ինչը 2.3 անգամ գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը: Ըստ կանխատեսումների՝ ԱԲ ենթակառուցվածքում կատարվելիք ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2030 թվականը կհասնի 2.75 տրլն դոլարի: