Նորություններ

19.07.2024

ԵՏՀ կայքում հարցում է անցկացվել «մեկ պատուհանի» հետագա զարգացման համար գերակա գործիքները որոշելու համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային խմբի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների պետական մարմինների և բիզնես կառույցների ներկայացուցիչների հարցման արդյունքները, որի միջոցով գնահատվում էին արտաքին տնտեսական գործունեության կարգավորման գործում «մեկ պատուհանի» մեխանիզմի իրականացման գործիքները։

«Մեկ պատուհանը» պետական մարմինների և ԱՏԳ մասնակիցների միջև փոխգործակցության մեխանիզմ է, որը թույլ է տալիս զգալիորեն պարզեցնել վարչական ընթացակարգերը, կրճատել ժամանակը և նվազեցնել ձեռնարկատերերի ֆինանսական ծախսերը: «Մեկ պատուհանի» հիմնական սկզբունքը փաստաթղթերի միանվագ տրամադրումն է և դրանց հետագա բազմակի օգտագործումը:

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների հետագա զարգացման և դրանց փոխգործակցությունն արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ էր մշակել որոշակի գործիքներ: Դրանք որոշվել էին պրոֆիլային աշխատանքային խմբի կողմից, և անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին ԵՏՀ կոլեգիան Միության երկրներին խորհուրդ է տվել հարցում անցկացնել պետական մարմինների և բիզնեսի շրջանում՝ պարզելու այդ գործիքների պահանջված լինելը:

Այս տարվա մայիս-հունիս ամիսներին ԵՏՀ կայքում անցկացված հարցմանը մասնակցել է ավելի քան 700 հարցվող Միության բոլոր երկրներից, որոնցից ավելի քան 300-ը ներկայացնում են պետական մարմիններ և մոտ 400-ը՝ բիզնես կառույցներ։ Պետական մարմինների թվում էին, մասնավորապես, ազգային մաքսային ծառայությունների, տրանսպորտի, ԱՏԳ-ի հետ կապված թույլատրական փաստաթղթեր տրամադրող մարմինների և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Ինչպես նշել են աշխատանքային խմբի անդամները, հարցումը ցույց է տվել, որ հարցվողները հասկանում են իրենց երկրներում «մեկ պատուհանի» մեխանիզմի հետագա զարգացման համար գերակա գործիքների մշակման կարևորությունը, և որ դրանք վերաբերում են կառավարչական, իրավական, տեխնոլոգիական և տեխնիկական ոլորտներին:

Օրինակ՝ կառավարչական գործիքներից է «Անդամ պետությունում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի օպերատորի սահմանումը», իրավական գործիքը՝ «Միության մարմինների ակտերի ընդունումը ԱՏԳ ոլորտում էլեկտրոնային տվյալների իրավաբանորեն կարևոր փոխանակումն ապահովելու համար», տեխնոլոգիական գործիքը՝ «Փոփոխությունների կառավարման մեխանիզմի ստեղծումը», տեխնիկական գործիքները՝ «Թվային ծառայությունների ու սերվիսների ցուցափեղկի ձևավորումը» և «ԱՏԳ ոլորտում «մեկ պատուհանի» ազգային պորտալի առկայությունը»։

Աշխատանքային խումբը որոշում է ընդունել հարցման արդյունքների հիման վրա պատասխանողների պատասխանների վերլուծությամբ մանրամասն հաշվետվություն նախապատրաստելու մասին: