Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի «Ոսկե աշուն 2025» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում տոհմային անասնաբուծության հարցերով համակարգող խորհրդակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանի նախագահությամբ:
Քննարկման առանցքային թեմաներն էին տոհմային ռեսուրսների շուկայի զարգացման պլանները, տոհմային գործի համակարգի ձևավորման մեխանիզմներն ու գործիքները, ԵԱՏՄ շրջանակներում տոհմային անասնաբուծությունում թվայնացման զարգացումը:
Նաիրա Կարապետյանը խոսել է տոհմային անասնաբուծության մրցունակության՝ որպես ագրոարդյունաբերական համալիրի զարգացման պարտադիր պայմանի մասին:
ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Սաուլե Մոլդաբաևան «Նորարարությունների իրագործում. ինչպես է զարգանում կանաչ արտադրանքի հատվածը ժամանակակից փուլում» պանելային քննարկման ընթացքում միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է կանաչ տեխնոլոգիաների կիրառման և ԱԱՀ օրգանական արտադրանքի շրջանառության վերաբերյալ Միության իրավունքի ձևավորման ոլորտում անդամ պետությունների ունեցած փորձի մասին:«ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների տոհմային արտադրանքի շուկայահանմանը, ներմուծմանը, արտահանմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջների միասնականացման հետագա քայլերը, տոհմային ռեսուրսների մասին տվյալների ընդհանուր շտեմարանների և մատակարարումների կայուն սխեմաների ստեղծման հետ մեկտեղ, թույլ կտան բարենպաստ պայմաններ ստեղծել Միության պետություններում տոհմային արտադրանքի փոխադարձ առևտրի ավելացման և անասնաբուծության զարգացման համար», — նշել է Նաիրա Կարապետյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների տոհմային անասնաբուծության ոլորտում լիազորված կառավարման մարմինների, գիտահետազոտական կազմակերպությունների, լաբորատորիաների և անդամ պետությունների տոհմային անասնաբուծության այլ սուբյեկտների ղեկավարներ և ներկայացուցիչներ: