Նիկոլայ Կուշնարև. «Մենք շահագրգռված ենք Մեքսիկայի հետ արդյունաբերական համագործակցության ընդլայնմամբ»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևն առաջարկել է «Ռուսաստան-Մեքսիկա» բիզնես համաժողովի ընթացքում քննարկել Մեքսիկայի հետ արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագրի կնքման հնարավորությունը։

«Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության և Մեքսիկայի միջև համագործակցության առարկայական ճարտարապետության կառուցմամբ՝ համատեղ նախաձեռնություններ և փոխշահավետ արդյունաբերական նախագծեր իրականացնելու համար», — նշել է Նիկոլայ Կուշնարևը։

ԵՏՀ-ի և Միության երկրների համար հետաքրքրություն է ներկայացնում, մասնավորապես, Մեքսիկայի և Լատինական Ամերիկայի այլ երկրների փորձը հատուկ տնտեսական գոտիների և արդյունաբերական կլաստերների մեխանիզմի օգտագործման հարցում։ Որոշակի ներուժ ունի ԵԱՏՄ-ի և Մեքսիկայի միջև համագործակցությունը՝ ավելացված արժեքի շղթաների ստեղծման և տեխնոլոգիաների փոխանցման համար։

«Մենք լուրջ բազա ունենք Լատինական Ամերիկայի տնտեսական համակարգի, Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության հետ հուշագրերի տեսքով համատեղ նախաձեռնությունների զարգացման համար: Ի հավելումն սրան, մենք առաջարկում ենք քննարկել Մեքսիկայի հետ առանձին հուշագրի կնքման հնարավորությունը, որը կարող է արտացոլել մեր հնարավոր համագործակցության արդիական ուղղությունները», — ասել է ԵՏՀ վարչության ղեկավարը։

Նիկոլայ Կուշնարևը Մեքսիկայի պետական մարմինների և բիզնեսի հետ երկխոսության հետագա զարգացման հույս է հայտնել և իր գործընկերներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հունիսին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին։

ԵԱՏՄ-ից Մեքսիկա կոոպերացիոն (միջանկյալ) արդյունաբերական արտադրանքի արտահանումը ներկայացված է հիմնականում մետաղագործական և քիմիական արդյունաբերության արտադրանքով (համապատասխանաբար, 2024 թվականին արտահանված կոոպերացիոն արտադրանքի ընդհանուր ծավալի 61.6% և 34.6% չափով)։ Մեքսիկայից ԵԱՏՄ ներմուծումը ներկայացված է քիմիական արդյունաբերության արտադրանքով, մեքենաներով և սարքավորումներով (այլ խմբերում չներառված), այլ արդյունաբերական ապրանքներով, որոնք միասին կազմում են կոոպերացիոն արտադրանքի ներմուծման ընդհանուր ծավալի շուրջ 64%-ը։