Նորություններ

17.06.2022 (Обновлено: 04.07.2022 10:42)

ԵԱՏՄ-ում ինտեգրման նոր որակը Պետերբուրգի հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովի առանցքային թեմաներից մեկն է

Եվրասիական ինտեգրացիայի դերն ու հեռանկարները փորձագետները քննարկել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «ԵԱՏՄ՝ ինտեգրման նոր որակ» առանցքային նստաշրջանի ընթացքում:

Քննարկման մասնակիցները ուշադրությունը կենտրոնացրել են անդրևրասիական կորպորացիաների ստեղծման ուղիների, սոցիալական առաջընթացի հասնելու գործում եվրասիական ինտեգրացիայի դերի, գլոբալ տնտեսական հարաբերությունների նոր համակարգում Եվրասիական տնտեսական միության կերպարի վրա:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն արդեն կայացել է, և դա ապացուցում են թվերը: 

«Անցյալ տարի մեր երկրների տնտեսություններն աճել են 4,6%-ով։ Շատ ակտիվ զարգացել է փոխադարձ առևտուրը և կոոպերացիոն մատակարարումները, որոնք ավելացել են գրեթե մեկ երրորդով», - ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։

Նրա խոսքով՝ Միության հետագա զարգացման կարևոր ուղղությունը արդյունաբերական աճն է։ 

«Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի ինտեգրացիոն նախագծերը շահավետ լինեն բիզնեսին։ Դեռևս այն 170 նախագծերի նկատմամբ, որոնք մենք ընտրել և ընդգրկել ենք արդյունաբերականացման քարտեզում, մենք չենք զգում գործարար շրջանակների բավարար հետաքրքրությունը, – նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։ Իրավիճակը շտկելուն կօգնեն մոտիվացիոն մեխանիզմները, որոնք մենք մշակում ենք»։

Խոսելով ԵԱՏՄ միջազգային վեկտորի մասին՝ Միխայիլ Մյասնիկովիչը հիշեցրել է, որ չնայած համավարակին և պատժամիջոցային ճնշմանը, վերջին երկու տարում Միությունում հայտնվել է երկու դիտորդ պետություն՝ Ուզբեկստանը և Կուբան: Փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել Շանհայի համագործակցության կազմակերպության Քարտուղարության և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Մայիսի վերջին որոշում է ընդունվել ազատ առևտրի գոտու մասին բանակցություններ սկսել Ինդոնեզիայի հետ։ Համանման բանակցություններ արդեն ընթանում են Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի հետ։

Ռուսաստանի Դաշնության Կառավարության փոխնախագահ, ԵՏՀ Խորհրդի անդամ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ այժմ Մեծ եվրասիական գործընկերության տարածքում առաջանում են նոր պայմաններ տնտեսական, առևտրային, տրանսպորտային, ֆինանսական կապերի կառուցման և ուժեղացման համար: 

«Այդ տարածքի բոլոր երկրները խոսում են նոր ֆինանսական համակարգի կառուցման անհրաժեշտության մասին։ Հին համակարգը, որը եղել և աշխատել է, հիմա վստահություն չի վայելում, և պետք է ինչ-որ սեփականը ստեղծել։ Սկզբունքորեն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն արդեն լավ արդյունքներ է ցույց տալիս ազգային արժույթներով փոխհաշվարկներով՝ մոտ 75%։ Սակայն, միևնույն է, դրանցում աննկատ առկա է ներկայիս պահուստային արժույթը։ Այժմ աշխատանքներ են տարվում ազգային արժույթների միջև ուղիղ զույգերի կառուցման ուղղությամբ։

Ռուսաստանի Դաշնության Կառավարության փոխնախագահը նաև նշել է ԵԱՏՄ օրակարգում մշակութային-հումանիտար բաղադրիչի ավելացման անհրաժեշտությունը: 

Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Ակլբեկ Ժապարովը վստահություն է հայտնել, որ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների լիարժեք և ժամանակին իրականացումը կնպաստի անդամ պետությունների ինտեգրման զարգացմանը և տնտեսական զարգացման մակարդակների մերձեցմանը, ինչը նաև թույլ կտա ապահովել Միության հեղինակության ամրապնդումը միջազգային ասպարեզում:

«Այսօր մենք արդեն չենք կարող սահմանափակվել միայն տնտեսական փոխգործակցության հարցերով։ Անհրաժեշտ է ընդլայնել սոցիալական օրակարգը, որն ուղղակի ազդեցություն ունի մեր բոլոր երկրների տնտեսության վրա», – ընդգծել է Ակլբեկ Ժապարովը։

«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի ռեկտոր Նիկիտա Անիսիմովի խոսքով՝ ԵԱՏՄ-ում հատուկ ուշադրություն պետք է դարձվի սոցիալ-հումանիտար և գիտատեխնիկական համագործակցությանը:

«Կրթության մեջ մենք աշխատում ենք ցանցային կրթական ձևաչափերի ստեղծման, կրթության ծրագրերի համադրելիության, մասնագետների որակավորման հաստատման, գիտական աստիճանների և կոչումների ճանաչման ուղղությամբ», – հիշեցրել է Նիկիտա Անիսիմովը:

Նրա խոսքով՝ բացառապես կարևոր է ներդաշնակեցնել կրթության և գիտության ոլորտի օրենսդրությունը։ Բիշքեկում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ստորագրված Ցանցային համալսարանի ստեղծման մասին համաձայնագիրը պետք է ամուր հիմք դնի այդ համագործակցության համար: Ընդ որում, պետք է ապահովվի նրա զուգակցումը ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրների Ցանցային համալսարանների հետ։

«Բոլոնյան համակարգի մասին բանավեճի ակտիվացման ֆոնին մենք պետք է մտածենք սեփական Եվրասիական կրթական համակարգի ստեղծման մասին։ Մենք պետք է նման համակարգ առաջարկենք ԵԱՏՄ տարածքում», - վստահ է Անիսիմովը։

Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության վարչության փոխնախագահ, բյուրոյի անդամ Դմիտրի Պումպյանսկին ընդգծել է ԵԱՏՄ տարածքում միասնական տեխնիկական կարգավորման կարևորությունը, որն ընկած է առևտրի զարգացման հիմքում:

«Բիզնեսի փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրման հաջողությունը մեծապես կախված է տեխնիկական կարգավորման, հավատարմագրման համակարգի և այլ ոլորտներում մերձեցման արագությունից», – ասել է Դմիտրի Պումպյանսկին: - ԵԱՏՄ-ում արդեն քիչ բան չի արվել։ Իրականացման արագությամբ՝ տեխնիկական կարգավորման միասնական համակարգի նախագիծը գործնականում նախադեպը չունի միջազգային պրակտիկայում։ Տասը տարվա ընթացքում ընդունվել է 51 տեխնիկական կանոնակարգ։ Տեխնիկական կարգավորման ամբողջ համակարգը երկրներից անցել է ԵԱՏՄ մակարդակի։ Մնացել է ընդունել ընդամենը ինը կանոնակարգ, ինչը, մենք հուսով ենք, կարվի առաջիկա մեկ-երկու տարում»։

«Մասնագիտական վարպետության զարգացման գործակալություն (Վորլդսկիլս Ռուսաստան)» ՀԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Ուրազովը նշել է, որ ԵԱՏՄ և Եվրասիայի շուկաները կապված են միմյանց հետ: Այդ շուկաների արդյունավետությունը կարելի է ավելացնել ստանդարտացման ուժեղացման հաշվին։ Մի կողմից, անհրաժեշտ է ձևակերպել աշխատողներին ներկայացվող պահանջները, ընկերության ուղենիշները, կրթական համակարգը, մյուս կողմից՝ ներգրավել արտադրության միջոցներ պատրաստող ընկերություններին։    

«Սա մեծ հնարավորություն է այն ընկերությունների գործունեության համար, որոնք առաջ են մղում իրենց տեխնոլոգիաներն ու աշխատատեղերը։ Այժմ մենք չունենք համակարգ, որը թույլ կտար տնտեսական մրցակցային կարգով տեխնոլոգիաներ փոխանակել, աշխատատեղերի նախատիպեր, բայց դա կարելի է անել։ Դաշինքը, որի մասին մենք հիմա խոսում ենք, պետք է լցվի ոչ միայն այն մարդկանցով, ովքեր կարող են ձեռքերով ինչ-որ բան անել, այլև այն մարդկանցով, ովքեր կարող են արտադրություններ կազմակերպել: Դա անհրաժեշտ է անել համատեղ», – ամփոփել է բանախոսը։

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկի կարծիքով, ԵԱՏՄ երկրների և ԱՊՀ այլ պետությունների ներքին առևտրի ներուժն ամբողջությամբ չի իրականացվել: Նրա խոսքով, եթե այժմ լինի ակտիվ արդյունաբերական քաղաքականություն, արագացվի ներմուծման փոխարինումը, տեխնոլոգիական ինքնիշխանությունը, ապա հնարավորություններ կառաջանան նոր համագործակցական կապերի և b-2-b առևտրի զարգացման համար:

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը կարծիք է հայտնել, որ արտաքին ճնշման ներկայիս պայմանները ստիպում են այլ կերպ գնահատել ինտեգրացիայի դերն ու տեղը ԵԱՏՄ երկրների զարգացման գործում: Հենց համատեղ զարգացումն է միակ և ճիշտ ճանապարհը։

ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը նշել է, որ Եվրասիական տնտեսական տարածքն աշխատում է ունիվերսալ իրավական հիմքի վրա: Նոր փուլում պետք է ուժեղացնել Միության սոցիալ-տնտեսական տարածքի կապվածությունը։ 

«Եվրասիական ցանցային համալսարանը լավ գաղափար է, որը կառավարությունների աջակցության կարիքն ունի։ Կապվածության բարձրացման մեկ այլ գաղափար է ԵԱՏՄ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ստեղծումը։ Ամենակարևոր գերակայությունը միասնական գիտատեխնիկական տարածքի ձևավորումն է։ Կապվածությունը նաև համագործակցության զարգացումն է, դրա համար պետք է ձևավորել նոր ֆինանսատնտեսական տարածք», - ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Որպես մոդերատոր հանդես է եկել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հաղորդավարուհի (ՎԳՏՌԿ) Տատյանա Ռեմեզովան։