Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման շրջանակներում ԵՏՀ Կոլեգիան հավանության է արժանացրել և ներպետական համաձայնեցման ուղարկել մտավոր սեփականության ոլորտի երկու միջազգային պայմանագրի նախագիծ։
Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովան հայտնել է «Մտավոր սեփականությունը ժամանակակից դարաշրջանում. մարտահրավերներ, պատասխաններ, զարգացում» թեմայով խորհրդաժողովի ընթացքում, որն անցկացվել է Ռուսաստանում եվրոպական բիզնեսի ընկերակցության հարթակում։
Նախագծերից մեկը Համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների մասին համաձայնագիրն է, որի իրականացումը թույլ կտա ապահովել Համացանցում կեղծ արտադրանքի տարածման դեմ պայքարի համադրելի միջոցների կիրառումը և իրավատիրոջը հնարավորություն կտա անվտանգ տեղադրել իր ստեղծագործությունները օրինական համացանցային ռեսուրսներում և համապատասխան եկամուտներ ստանալ։
Երկրորդ փաստաթուղթը ԵԱՏՄ երկրներում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության որոնում իրականացնելու հնարավորություն տվող ծառայության մասին համաձայնագիրն է, որի նպատակն է նշված օբյեկտների մասին արդիական տվյալների անվճար և արագ հասանելիության ապահովումը, ծախսերի նվազեցումը և օգնությունը իրավունքների խախտումների կանխման գործում։
ԵՏՀ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է Հանձնաժողովի կողմից 2024 թվականին ԵԱՏՄ պետություններում մտավոր սեփականությա ոլորտի 2019-2023 թվականների վերլուծական ակնարկի նախապատրաստման մասին։
«Հինգ տարվա վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ ԵԱՏՄ երկրների պետական կարգավորման իրականացվող քաղաքականությունը և մտավոր սեփականության ոլորտի լիազոր մարմինների գործունեությունը զգալիորեն կատարելագործվել են», — նշել է Նուրժամալ Իլյասովան։
Բացի այդ, Հանձնաժողովի ներկայացուցիչը խորհրդաժողովի մասնակիցներին տեղեկացրել է 2023 թվականին ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի վիճակի մասին։ Հանձնաժողովի համապատասխան տարեկան հաշվետվությունը տեղադրված է Միության պաշտոնական կայքում։
Գերակա ուղղությունների թվում Նուրժամալ Իլյասովան առանձնացրել է «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանի նախագծի նախապատրաստման աշխատանքը։
«Մտավոր սեփականության համակարգի զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում նորարարական տնտեսության խթանման առանցքային գործոնն է։ Մենք ձգտում ենք պայմաններ ստեղծել հեղինակների և գյուտարարների իրավունքների պաշտպանության համար, ինչպես նաև ապահովել ՄՍ օբյեկտների արդյունավետ օգտագործումը բիզնեսի և տեխնոլոգիաների զարգացման համար», — նշել է ԵՏՀ ներկայացուցիչը։