Թարմացվել են սննդամթերքի տեխնիկական կանոնակարգի ստանդարտները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդների ստանդարտների ցանկի փոփոխությունները:

Դրանք նախապատրաստվել են տեխկանոնակարգի պահանջների կատարման շրջանակներում՝ հաշվի առնելով կենդանական ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների (դեղաբանորեն ակտիվ նյութերի և դրանց մետաբոլիտների) մնացորդային քանակությունների առավելագույն թույլատրելի մակարդակները սահմանելու մասով դրանում կատարված փոփոխությունները, որոնք Հանձնաժողովի խորհուրդն ընդունել է 2023 թվականի հունիսի 23-ին։

Ցանկը լրացվել է երկու նոր կառուցվածքային տարրով, որոնց համար նախատեսվում է ներառել 50 միջպետական ստանդարտ, Ռուսաստանի Դաշնության երեք ազգային ստանդարտ, Ղազախստանի Հանրապետության երեք ազգային ստանդարտ և 34 մեթոդիկա։

Արդեն գործող կառուցվածքային տարրերի մասով ցանկում ներառված են նաև երկու միջպետական ստանդարտ, Բելառուսի Հանրապետության մեկ պետական ստանդարտ և Ռուսաստանի Դաշնության հինգ մեթոդական ուղեցույց: Բացի այդ, ցանկից հանվել է Ռուսաստանի Դաշնության մեկ ազգային ստանդարտ՝ համապատասխան միջպետական ստանդարտ ընդունելու պատճառով։

Ընդունված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հուլիսի 10-ից։ Այս ամսաթիվը փոխկապակցված է ՄՄ ՏԿ 021/2011 փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթվի հետ (պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիս հետո, հրապարակման ամսաթիվ՝ 2023 թվականի հուլիսի 10-ին):