Նորություններ

04.01.2025

Բելառուսի Հանրապետության նախագահ, ԵՏԲԽ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին

2025 թվականի հունվարի 1-ից Բելառուսի Հանրապետությունը երրորդ անգամ է ստանձնում Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը։

Անցած տասնամյակի ընթացքում մեր Միությունը կարողացել է ապացուցել սերտ տնտեսական ինտեգրման գաղափարի հիմնավորվածությունը, իր կենսունակությունն ու արդյունավետությունը։ Համատեղ ջանքերով մենք մեծացրել ենք մակրոտնտեսական կայունության ներուժը և նվազագույնի հասցրել բացասական աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը:

2025 թվականը Եվրասիական տնտեսական միության համար շրջադարձային կլինի՝ ավարտին է մոտենում Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման հնգամյակը, և հիմք է դրվում նոր փուլ սկսելու և ԵԱՏՄ-ում «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիրն իրագործելու համար: Ուստի Միության անդամ պետությունների արդյունավետ ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդման նպատակով առաջարկում ենք որոշել հետևյալ հիմնական գերակայությունները, որոնք գալիք տարում պետք է լինեն մեր ընդհանուր ուշադրության կենտրոնում:

1. Անհրաժեշտ է համատեղ ջանքերը կենտրոնացնել ԵԱՏՄ անդամ պետությունների տեխնոլոգիական ներուժի զարգացման և տնտեսության բոլոր ոլորտներում կոոպերացիոն փոխգործակցության ընդհանուր տարածքի ձևավորման ուղղությամբ։

Այդ նպատակների համար անհրաժեշտ է ակտիվացնել տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, էլեկտրական տրանսպորտի, միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտատեխնիկայի և նոր նյութերի ոլորտների համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը: Այս ուղղությամբ համագործակցությունը թույլ կտա ստեղծել ԵԱՏՄ անդամ պետությունների ձեռնարկությունների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման հուսալի հիմք ներմուծմանը փոխարինող նոր արտադրությունների ստեղծման, եվրասիական ապրանքանիշի ներքո համատեղ արտադրանքի արտադրության նպատակով։

2. Միության պարենային անվտանգությունը բարձրացնելու համար առաջարկվում է ջանքերը կենտրոնացնել ընտրասերման և սերմնաբուծության զարգացման, տոհմային գյուղատնտեսական կենդանիների գենետիկական ներուժի բարձրացման վրա:

3. Անհրաժեշտ է ավարտել միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը՝ ընդունելով հավասար (ոչ խտրական) պայմաններ և ապահովելով արդար մրցակցություն, հատկապես մեր երկրների միջև օդային փոխադրումներ իրականացնելիս։ Պետք է շարունակվեն երրորդ երկրներ բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների բոլոր տեսակների համար թույլատրական համակարգի վերացման աշխատանքները։ Հատկապես կարևոր է ստեղծել ապրանքների անխոչընդոտ առաքման նոր և կատարելագործել գործող լոգիստիկ շղթաները, զարգացնել ԵԱՏՄ անդամ պետություններին կապող անխափան և անվտանգ միջազգային տրանսպորտային միջանցքները:

4. Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել տնտեսական գործունեության իրականացման պայմանների համահարթեցման, Միության ներքին տարածքում ընդհանուր և թափանցիկ մրցակցային միջավայրի ստեղծման հետագա նպատակաուղղված աշխատանքների անհրաժեշտության վրա։ Ընդ որում, առանցքային նշանակություն ունի ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման արդյունավոր ավարտը։

5. Ներկա պայմաններում պետք է շարունակվեն աշխատանքները ներքին շուկայի պաշտպանության ուղղությամբ։ Այդ գործունեությունը պետք է ուղղված լինի ինչպես ԵԱՏՄ-ում տնտեսավարման պայմանների համահարթեցման համար մաքսասակագնային կարգավորման կատարելագործմանը, այնպես էլ ոչ անվտանգ արտադրանքից եվրասիական շուկայի լիարժեք պաշտպանությանը:

Կարևոր է ապահովել միջազգային լավագույն փորձի և գիտական ապացուցողական բազայի վրա հիմնված միասնական տեխնիկական պահանջների ընդունումը, ազգային ստանդարտների ներդաշնակեցումը և անցումը միջպետական ստանդարտների կիրառմանը:

Անհրաժեշտ է ստեղծել ներքին շուկա ներմուծվող ապրանքների մուտքի վերահսկվող պայմաններ, շարունակել ապրանքների մաքսային արժեքը որոշելիս ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետ կիրառումը։

Ներկայիս տնտեսական իրողություններում ժամանակին նախագիծ կարող է դառնալ ԵԱՏՄ-ում առկա Միության երկրների տեղեկատվական, մեթոդաբանական և տեխնոլոգիական հարթակների հիման վրա առանցքային ապրանքների (նավթամթերքներ, գյուղմթերք, անտառամթերք, շինանյութ և այլն) համար ապրանքային շուկաների ցուցիչների սեփական բորսայական համակարգի ստեղծումը: Բորսայական առևտրի հետագա զարգացման և ապրանքների մրցակցային գների ձևավորման համար անհրաժեշտ է խթան:

6. Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը թվային վերափոխման ոլորտում։

Ժամանակակից աշխարհում թվային տեխնոլոգիաների զարգացման մակարդակը որոշիչ դեր է կատարում երկրների մրցունակության հարցում։ Կարևորագույն խնդիրներից մեկը կդառնա առկա թվային խոչընդոտների վերացումը։ Կարծում ենք, որ կատարված աշխատանքը թույլ կտա սիներգիստական էֆեկտի հասնել անդամ պետությունների տնտեսությունների և ԵԱՏՄ թվային տարածության զարգացման գործում։

Պետական գնումների համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկվում է վերջնականապես լուծել Միության անդամ պետությունների էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցը և նպաստել այս ոլորտում թվային գործիքների հետագա առաջմղմանը։

Էլեկտրոնային առևտրի ակտիվ զարգացման արդյունքում ի հայտ է գալիս Միությունում մարկետփլեյսերի գործունեության առանձին կարգավորման և ինչպես պետության, այնպես էլ էլեկտրոնային առևտրային հարթակների, վաճառողների և սպառողների շահերը հաշվի առնելու համար օպտիմալ մոդելի որոնման անհրաժեշտությունը:

7. Նոր ազդակ է անհրաժեշտ նաև միջազգային համագործակցության՝ իր բոլոր ձևաչափերով, զարգացման համար, օտարերկրյա շուկաներում Միության ապրանքների առաջմղման համար լրացուցիչ պայմանների ստեղծման համար։

Անդամ պետությունների փոխգործակցությունը կանոնադրական նպատակներով և գաղափարախոսությամբ իրենց հարազատ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպես նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ինստիտուտի շրջանակներում գործընկերության զարգացումը Միության տնտեսական ներուժի ամրապնդման կարևոր գործոն է: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի ինտեգրացիոն ներուժի կապակցման գործնական ասպեկտներին, ԱՍԵԱՆ-ի մասնակից պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

ԵԱՏՄ մակարդակով բարեկամ երկրների հետ ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրերի իրականացման հետագա աշխատանքը, հեռանկարային գործընկերների հետ բանակցությունների ակտիվացումը համարում ենք Միության՝ որպես Եվրասիական մայրցամաքում հաջողությամբ գործող միջազգային տարածաշրջանային կազմակերպություն դիրքավորման առանցքային գործնական տարրեր:

8. Նույնքան կարևոր է ինտեգրման տնտեսական ուղին սոցիալական և հումանիտար ոլորտների խնդիրներով լրացնելուն ուղղված համատեղ աշխատանքը:

Ակնհայտ է, որ ԵԱՏՄ հետագա զարգացումը պետք է անքակտելիորեն կապված լինի Միության անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության բարձրացման հետ։ Այս առումով անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջապահության, կրթության, սպորտի, զբոսաշրջության, մշակույթի և այլ հումանիտար ոլորտներում համագործակցությանը:

9.Ավելի քան երբևէ մեր երկրներից պահանջվում է անցում կատարել տեղեկատվական փոխազդեցության նոր մակարդակ տարբեր կործանարար ռեսուրսների, ագրեսիվ հարձակումների դեմ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Նպատակահարմար ենք համարում մշակել միասնական տեղեկատվական տարածքի ձևավորման համախմբված մոտեցում՝ հիմնված մեր երկրների ավանդական արժեքների, մեր ժողովուրդների պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի վրա։

Եվ, իհարկե, մենք պետք է արժանիորեն նշենք մեր ընդհանուր պատմության առանձնահատուկ ամսաթիվը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը, միավորենք ջանքերը՝ ուղղված խաղաղության ապահովմանը և նացիզմի դեմ պայքարին, որը կրկին սպառնալիք է դառնում ամբողջ մարդկության համար։

Այսօր կարևոր է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ միայն միմյանց հարգելով և իրավական նորմերը պահպանելով է հնարավոր զարգանալ, ապագա կառուցել և հասնել բարեկեցության։

Վստահ եմ, որ նշված ուղղությունների հետևողական իրականացումը կնպաստի եվրասիական ինտեգրման
հետագա զարգացմանը և մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։