Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության եվրասիական տնտեսական տարածության անդամ պետությունների արդյունաբերական համալիրների զարգացման մշտադիտարկման և վերլուծության բաժնի պետի տեղակալ Գալինա Մարտինկևիչը Մոսկվայի 15-րդ միջազգային ավտոմոբիլային համաժողովում հանդես է եկել Եվրասիական տնտեսական միությունում ավտոմոբիլաշինության ոլորտում կոոպերացիոն համագործակցության զարգացման նոր մեխանիզմների մասին զեկույցով:
«ԵԱՏՄ-ում ավտոմոբիլաշինության ոլորտում միջոլորտային համագործակցությունն իրականացվում է ինչպես պատրաստի արտադրանքի մատակարարումների, այնպես էլ Միության տարածքում հավաքման գործարանների համար բաղադրիչների և դրանց մասերի արտադրության և մատակարարումների մասով», — նշել է Գալինա Մարտինկևիչը՝ հավելելով, որ դրա համար անդամ պետություններն ունեն համատեղ նախագծերի իրականացման, այդ թվում՝ երրորդ երկրների արտադրողների մասնակցությամբ, անհրաժեշտ իրավասություններ և գիտատեխնոլոգիական բազա։
Հանձնաժողովի ներկայացուցիչը կոոպերացիայի օրինակներ է բերել՝ դիզելային շարժիչաշինության ոլորտում համատեղ նախագծերի մշակում (Մինսկի ավտոմոբիլային գործարան և Յարոսլավլի շարժիչային գործարան), Կոկշետաուում «ԿԱՄԱԶ-Ինժեներ» ԲԸ ղազախա-ռուսական համատեղ նախագիծ:
Հաշվի առնելով էլեկտրատրանսպորտային միջոցների արտադրության և հանրահռչակման ընթացիկ համաշխարհային միտումները՝ Հանձնաժողովն աշխատում է նաև «Եվրասիական էլեկտրոբուս» նախագծի մշակման ուղղությամբ՝ ձևավորվում է անդամ պետությունների տարածքներում ավտոմոբիլային էլեկտրական տրանսպորտի լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի ինտերակտիվ քարտեզ (նշելով օբյեկտների գտնվելու վայրը):
«Այս նախագծերին կարող են միանալ նաև այլ շահագրգիռ արտադրողներ, այդ թվում՝ տեղայնացման մակարդակի բարձրացման և ավտոբաղադրիչների բազայի զարգացման համար», — նշել է Գալինա Մարտինկևիչը:
Նրա խոսքով՝ մոտ հեռանկարում ավտոմոբիլաշինության ոլորտում անդամ պետությունների հիմնական խնդիրներն են լինելու հավաքման արտադրությունների տեղայնացման մեծացումը, նոր տեսակի տրանսպորտային միջոցների արտադրության յուրացումը, ավտոբաղադրիչների և նյութերի ուղղության զարգացումը, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումը, ԵԱՏՄ տարածքում ազգային ապրանքանիշերի տրանսպորտային միջոցների արտադրությունը:
Ինչպես նշել է Գալինա Մարտինկևիչը, այդ խնդիրների իրականացմանը կնպաստի Եվրասիական տնտեսական միությունում կոոպերացիոն արդյունաբերական նախագծերին ֆինանսական աջակցության նոր մեխանիզմի հնարավորությունների օգտագործումը։