Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Մոսկվայի ֆինանսական համաժողովում կարևորել է Եվրասիական տնտեսական միության երկրներում պետական գնումների ոլորտում ավտոմատացման և արհեստական բանականության կիրառումը։
«Ավտոմատացումը և արհեստական բանականությունը՝ պայմանագրային համակարգի մասնակիցների օգնականներ» պանելային նստաշրջանում իր ելույթում ԵՏՀ նախարարն ընդգծել է. «Արհեստական բանականությունը բարձրացնում է տվյալների և կանոնների որակը, որն արդեն ներդրված է համակարգում։ Եթե տվյալները համադրելի չեն, փաստաթղթերն էլ մեքենաընթերցելի չեն, ավտոմատացումը կամրապնդի շուկայի մասնատումը, ոչ թե կհաղթահարի այն։ Ուստի համաձայնեցված դասակարգիչները, ձևաչափերը և մեքենաընթերցելի փաստաթղթերը մեզ համար տեխնիկական տարր չեն, այլ պայման, որ ԱԲ-ն աշխատի Միության ընդհանուր շուկայի համար»։
Մաքսիմ Երմոլովիչը նշել է անդամ պետություններում գնման համակարգերի թվայնացման էֆեկտները, գնահատել ձեռք բերված արդյունքները և պատմել պետգնումների ազատ հասանելիության արգելքների մասին, որոնք զսպում են ԵԱՏՄ շրջանակներում միասնական թվային տարածքի ձևավորումը: Ընդ որում, նա ընդգծել է արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանի՝ որպես պետգնումների հասանելիության ապահովման գործուն գործիքի հնարավորությունները:
«Միութենական թվային ռեսուրսի գործնական օրինակ է Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանը, — ասել է ԵՏՀ նախարարը։ — Այն վարվում է Հանձնաժողովի կողմից 2020 թվականից, տեղեկություններ է պարունակում 48 հազար ապրանքների մասին, որոնց արտադրությունը հաստատվել է ԵԱՏՄ տարածքում, և օրական միջին հաշվով շուրջ երկու հազար դիմում է ստանում»։
Ամփոփելով ելույթը՝ Մաքսիմ Երմոլովիչը նշել է. «Մենք սովորեցինք գնումներ կատարել թվայինով։ Հաջորդ նպատակն է՝ սովորել դա միասին անել։ Թվայնացումը ինտեգրացիոն արդյունք կտա, երբ Միության ցանկացած պետության մատակարարը կարողանա անցնել օտար ընթացակարգը նույնքան հեշտությամբ, որքան սեփականը կանցներ։ Տեխնոլոգիաներ այս նպատակի համար ունենք. անհրաժեշտ են համաձայնեցված կանոններ»։
Փորձագիտական քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներ: