Սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Եվրասիական 3-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է «Ենթակառուցվածքները և լոգիստիկան գյուղատնտեսությունում. ժամանակակից մարտահրավերներ և լուծումներ» կլոր սեղան, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:
ԵՏՀ նախարարը հատուկ կարևորել է ժամանակին և արդյունավետ մատակարարումները գլոբալ շուկայում արտադրության շրջափուլերի և մատակարարումների շղթաների խախտման պայմաններում պարենային ապահովվածության և առևտրի զարգացման համար: Ստեղծման օրվանից ի վեր Միության գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտուրն աճել է ավելի քան երկու անգամ, իսկ արտահանումը` գրեթե երեք անգամ:
Քննարկման ընթացքում միջոցառման մասնակիցները խոսել են ԱԱՀ արտադրանքի արտադրության և արտահանման, այդ թվում՝ մանր և միջին ձեռնարկությունների կողմից դրանց արտադրության և արտահանման համար ենթակառուցվածքի և լոգիստիկայի վիճակի և կարևորության մասին, գյուղատնտեսական ապրանքների անխոչընդոտ անդրսահմանային տեղաշարժի ապահովման, ինչպես նաև այս ոլորտի հնարավոր նախագծերի մասին:
«Միության անդամ պետությունների ԱԱՀ մրցունակությունը պահպանելու համար ակնհայտ է կայուն պարենային համակարգերի զարգացման անհրաժեշտությունը, որոնք հիմնված են գյուղատնտեսական արտադրանքի և պարենի ինքնաբավության բարձրացման, թափանցիկ և արագացված լոգիստիկայի և ժամանակակից ենթակառուցվածքների վրա: Գիտակցելով հարցի կարևորությունը՝ Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում այս ուղղության զարգացմանը և մատակարարման արդյունավետ շղթաների կառուցման ուղղությամբ ԵԱՏՄ պետությունների ջանքերի համակարգմանը»,- ընդգծել է Գոհար Բարսեղյանը։
Մասնակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ տարածքում ագրոարդյունաբերական համալիրի ֆիզիկական և թվային ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ պետական մարմինների և գործարար համայնքների միջև մշտական երկխոսության և հաջող փոխգործակցության անհրաժեշտությանը։