Օգոստոսի 7-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության որևէ անդամ պետության բրոկերների և դիլերների կողմից մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված աճուրդներին մասնակցելու թույլտվության մասին համաձայնագիրը։ Այսպիսով կարևոր քայլ է կատարվել ԵԱՏՄ-ում ընդհանուր բորսայական տարածքի ստեղծման ուղղությամբ:
Համաձայնագիրն ուղղված է Միության երկրների լիազոր մարմինների կողմից տրված բրոքերների և դիլերների լիցենզիաների փոխադարձ ճանաչմանը, բրոքերների և դիլերների համար արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների առք ու վաճառքի պայմանագրերի կնքման նպատակով անմիջականորեն բորսայական աճուրդներին մասնակցելու հնարավորության ապահովմանը։ Մի երկրի բրոքերների և դիլերների մասնակցությունը ԵԱՏՄ մյուս պետության բորսայի կազմակերպված աճուրդներին թույլատրվում է հավասար պայմաններով։
«Բրոքերները և դիլերները ֆոնդային շուկայի մեխանիզմի կարևոր տարրերն են։ Եթե բրոքերներն օգնում են ներդրողներին մուտք գործել ֆոնդային շուկա և կառավարել արժեթղթերով գործարքները, ապա դիլերներն, իրենց հերթին, ակտիվորեն մասնակցում են բորսայական առևտրին՝ ապահովելով իրացվելիությունը, գների կայունությունը և տատանողականության նվազումը։ Այսպիսով, բրոքերներն ու դիլերները փոխլրացնում են միմյանց՝ ապահովելով արժեթղթերի շուկայի արդյունավետ գործունեությունը», — ստորագրումը մեկնաբանել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։
Բորսայական աճուրդներին մասնակցության թույլտվություն ստանալու դեպքում բրոքերներն ու դիլերները կարող են հայտեր ներկայացնել, ստանալ աճուրդների տեխնիկական հասանելիությունը, գործարքներ կնքել, մասնակցել քլիրինգին, համապատասխան հաշիվներ բացել Միության պետությունների դեպոզիտարիաներում։ Բորսայի կազմակերպված աճուրդներին մասնակցության թույլտվությունը կարող է տրամադրվել ԵԱՏՄ այլ երկրների բրոքերներին և դիլերներին հեռահար հասանելիության միջոցով։
ԵՏՀ նախարարը նշել է, որ Համաձայնագրի իրականացումը թույլ կտա ապահովել հավելյալ իրացվելիության ներհոսքը բորսաներ, ավելացնել էմիտենտների ֆոնդավորումը, զգալիորեն ընդլայնել անդամ պետությունների փոխադարձ առևտրային
և ներդրումային համագործակցությունը և խթանել Միության պետությունների ֆինանսական շուկաների զարգացումը։
«Կազմակերպված աճուրդներին բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվության մասին համաձայնագիրը և արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային հասանելիության մասին նախկինում ստորագրված համաձայնագիրը ամուր իրավական հիմքեր են դնում ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքի ձևավորման համար», — ընդգծել է Բախիթ Սուլթանովը։