Ինչպես պաշտպանել իրենց բիզնեսը անդրսահմանային շուկաներում մրցակիցների ոչ իրավաչափ գործողություններից, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների մասնակից դառնալ, գործարարներին պատմել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի հանրային ընդունարանի մասնակիցները: Միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 26-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ թվային օրակարգ» բանավիճային հարթակի շրջանակներում: Որպես միջոցառման մոդերատոր հանդես է եկել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքալիևը: Նախարարը նշել է, որ կարգավորիչների և բիզնեսի փոխգործակցությունն անհրաժեշտ է կառուցել երկխոսության ռեժիմով՝ գործարարներից հետադարձ կապ ստանալով հակամենաշնորհային գերատեսչությունների օրակարգի ճշգրտման համար:
Համաժողովի շրջանակներում այսօրվա Հանրային ընդունարանը թույլ է տվել ապահովել ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների և պետական գնումների գծով կարգավորիչների մի շարք ղեկավարների և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությունը առկա ձևաչափով:
Այսպես, միջոցառմանը մասնակցել են Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման ծառայության ղեկավար Կենեշբայ Տայլակովը, Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ուլուկբեկ Կալենդերովը, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Լավրովը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ցիգանովը, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի տեղակալ Անդրեյ Կարտունը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարատ Շարշեկեևը:
Ակտիվ բանավեճը առաջացրել է մտավոր սեփականության իրավունքների գրանցման առանձնահատկությունների, այդ թվում՝ դեղորայքային պատրաստուկների նկատմամբ, ընթացիկ իրողություններում զուգահեռ ներմուծման հարցերը, Միության մրցակցային իրավունքի կատարելագործման հարցերը, ինչպես նաև ճյուղային հարցերը, որոնց թվում են ավիափոխադրումների կարգավորումը և այլն:
Մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ երկրներում պետական գնումների ոլորտը, այն է՝ Միության երկրների ձեռնարկատերերի համար լիարժեք և հավասար հասանելիության ապահովումը, ինչպես նաև արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման և վարման հարցերը:
Հանձնաժողովի ներկայացուցիչները միջոցառման մասնակիցներին ծանոթացրել են մրցակցության ոլորտում Միության իրավական հիմքերին, մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների համար պատասխանատվության միջոցներին, պարզաբանել են անդրսահմանային շուկաներում հակամրցակցային գործողությունների ժամանակ իրավունքների խախտման վերաբերյալ ԵՏՀ բողոք ներկայացնելու կարգն ու հիմքը:
Նիստի եզրափակիչ մասում Հանձնաժողովի ներկայացուցիչները անհատական խորհրդակցություններ են անցկացրել բիզնեսի ներկայացուցիչների հետ: Օրինակ, հարցերից մեկը վերաբերում էր Ղազախստանի Հանրապետությունում օդանավակայանների ռադիոտեխնիկական սարքավորումների թռիչքային ստուգումների շուկա մուտք գործելուն։ Քննարկվել է ավիափոխադրումների շուկայում պետգնումների ժամանակ էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման հարցը։
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության տնտեսական ոլորտում ամենամյա բիզնես միջոցառում է, որը հերթականությամբ անցկացվում է Միության՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահող պետություններում։
Եվրասիական տնտեսական համաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում։
ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին