ԵՏՀ նախարարների մամուլի ասուլիս Համաժողով-2026-ի թեմայով. բոլոր կազմակերպական մեխանիզմները գործարկված են, նախապատրաստական աշխատանքն ավարտվում է

Մայիսի 28-ից 29-ը Աստանայում կայանալիք 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի նախապատրաստական աշխատանքն ավարտական փուլում է: Մայիսի 13-ին Հանձնաժողովի մամուլի կենտրոնում ԵՏՀ հինգ նախարարի մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսում քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ոլորտային բլոկերի աշխատանքը:

Համաժողով-2026-ի ծրագրային կոմիտեի նախագահ, ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովն ընդգծել է, որ Համաժողովի թեման կապակցված է Եվրասիական տնտեսական միությունում ղազախստանյան նախագահության գերակայությունների հետ, որոնք ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում նշել էր Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Այդ թեման է՝ «ԵԱՏՄ-ն գլոբալ թվային մրցավազքում. խաղադրույք արհեստական բանականության օգտին»:

 

Ըստ Բախիթ Սուլթանովի՝ նրա բլոկը երեք նստաշրջան կգումարի, որոնցից մեկը նվիրված կլինի զբոսաշրջության ոլորտի ժամանակակից լուծումներին, երկրորդը՝ թվային գործիքների օգտագործմամբ աշխատանքային ռեսուրսների շուկայի զարգացմանը, երրորդը՝ անդրսահմանային փոխադրումների ժամանակ թվային փոխակերպման զարգացման գործում միջազգային կազմակերպությունների և ընկերությունների փորձին, վերջինս անցկացվելու է Հանձնաժողովի տրանսպորտային բլոկի հետ համատեղ: Վերջին նստաշրջանի ընթացքում նախատեսվում է ստորագրել ԵՏՀ-ի և ՄԱԿ-ի միջև Փոխըմբռնման հուշագիրը:

«Բոլոր կազմակերպական մեխանիզմները գործարկված է, ծրագիրը՝ ձևավորված: Պատրաստվում ենք բաց, առարկայական և հետաքրքիր երկխոսությանը: Հրավիրում եմ ձեզ ակտիվորեն լուսաբանել Եվրասիական տնտեսական համաժողովը», — ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դիմել է Բախիթ Սուլթանովը:

ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը նշել է, որ երկու պանելային նստաշրջանները նվիրված կլինեն արդյունաբերության հարցերին: Դրանցից մեկի ընթացքում մասնակիցները կքննարկեն ԵԱՏՄ-ում գործող արդյունաբերական կոոպերացիայի մեխանիզմի արդիական հարցեր: Երկրորդում՝ արդյունաբերության թվային փոխակերպման գլոբալ միտումները՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի և ՅՈՒՆԻԴՕ-ի փորձը:

«Անցած տարի մեկք ՅՈՒՆԻԴՕ-ի հետ համատեղ հայտարարություն ենք ստորագրել, ներկայումս բավականին հագեցած երկկողմ օրակարգ ունենք», — նշել է Գոհար Բարսեղյանը:

Այս բլոկի երրորդ պանելային նստաշրջանում նախատեսվում է քննարկել Միության ագրարային շուկայի թվային արդիականացման թեման:

«Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք ֆինանսական աջակցության միջոցներն ագրոարդյունաբերական համալիրի վրա տարածելու ուղղությամբ, և համոզված եմ, որ Համաժողով-2026-ի հարթակում կկարողանանք քննարկել այս թեմային առնչվող բոլոր հարցերը: Ուզում եմ հրավիրել բոլոր հետաքրքրված անձանց, առաջին հերթին՝ բիզնեսի ներկայացուցիչներին, մասնակցելու քննարկմանը», — եզրակացրել է ԵՏՀ նախարարը:

ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը հայտնել է, որ իր բլոկը երկու նստաշրջան կգումարի: Արտադրանքի անվտանգության թվային էկոհամակարգի մասին քննարկման գլխավոր թեման է՝ թե ինչպես կարող են թվային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը կիրառվել ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կարգավորմանը:

«Կարևոր է, որ նստաշրջանին կմասնակցեն ստանդարտացման ազգային մարմինների, պետական կառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սա թույլ կտա թեման քննարկել ոչ թե տեսականորեն, այլ տարբեր գործնական կողմերից», — ընդգծել է Ալեքսանդր Սուբոտինը:

«Թվայնացումը և արհեստական բանականությունը ՍԲՍ-միջոցների ոլորտում. նորարարական լուծումներ» պանելային նստաշրջանում, ի թիվս այլնի, քննարկվելու են ԵԱՏՄ շրջանակներում բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական անվտանգության ապահովման համար թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման հեռանկարները:

Խոսելով Համաժողովում իր բլոկի միջոցառումների մասին, ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը նշել է. «Աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում օրեցօր աճում է եվրասիական ուղիների՝ երկաթուղային, ավտոմոբիլային, օդային ուղիների կարևորությունը: Ամենակարևոր նպատակն է՝ կրճատել մատակարարումների ժամկետները և տրանսպորտային ընկերությունների ծախսերը»:

Տրանսպորտի և ենթակառուցվածքի առնչությամբ Արզիբեկ Կոժոշևը երեք կարևոր պայման է նշել՝ մատակարարումների ժամկետը, արժեքը և կայունությունը: Դրա հետ կապված հարցերը նախատեսվում է քննարկել բիզնեսի հետ պանելային նստաշրջանների ընթացքում: Բացի այդ, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ կներկայացնեն իրենց փորձը ծախսերի նվազեցման, անվտանգության բարձրացման հարցերում, կքննարկեն թվային տեխնոլոգիաների ազդեցությունն ապրանքների փոխադրումների վրա: ԵՏՀ նախարարի կարծիքով՝ սա հուսակի հիմք կդառնա Հանձնաժողովի և Միության երկրների գործարար շրջանակների համատեղ նախագծերի զարգացման համար:

ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի գծով նախատեսված է չորս նստաշրջան, մասնավորապես՝ «Եվրասիական առևտուրը և լոգիստիկան»: Վերջինիս կարևորությունը ԵՏՀ նախարարը նշել է առաջին հերթին:

«Այսօր լրջորեն փոփոխվում են միջազգային առևտրային հոսքերը, ինչը պայմանավորված է ներմայրցամաքային առևտրային երթուղիների դերի աճով և տարածաշրջանացմամբ: Իսկ ԵԱՏՄ տարածքում այս երկու միտումը ներդաշնակորեն զուգակցվում են: Ուստի կքննարկենք, թե ինչ արդյունքներ կարող են լինել եվրասիական տրանսպորտային միջանցքների և մեր Միության կողմից ձևավորվող առևտրային համաձայնագրերի ընդարձակ ցանցի հատման կետում», — հայտնել է Անդրեյ Սլեպնյովը:

Ուշադրության կենտրոնում է մնում կլիմայական օրակարգը, որտեղ Եվրամիության և ՉԺՀ-ի կողմից ընդունվող որոշումների ֆոնին էլ ավելի արդիական են դառնում ածխածնային հետքի հաշվարկման, միասնական մեթոդիկաների և խոչընդոտների չթույլատրման հարցերը:

Երկու գործնական թվային նստաշրջանները նվիրված կլինեն բուն Համաժողովի թեմային: Դրանցից մեկը՝ «Թվային առևտուրը ԵԱՏՄ-ում», ուղղված է Միության շրջանակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, սմարթ շփումների և արհեստական բանականության ոլորտի ազգային լուծումների մասշտաբավորմանը: Մյուսը՝ «Թվային մակնշումը», պայմանավորված է այն հանգամանքով, որ մակնշումն արդեն դառնում է ոչ թե պարզապես հետագծելիության գործիք, այլև մեծապես՝ ապրանքների շրջանառության օրինականացման վերահսկողության միջոց:

Կազմակերպիչներն ավելի քան երկու հազար հրավեր են ուղարկել Համաժողովի հնարավոր մասնակիցներին: Պանելային նստաշրջանների հյուր կդառնան Միության երկրների և դիտորդ պետությունների ոլորտային նախարարությունների ղեկավարներ, երրորդ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ադրբեջանի, Վիետնամի, Եգիպտոսի, Մոնղոլիայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների ավելի քան 70 պատվիրակներ:

Համաժողովին լրացուցիչ կշիռ կհաղորդեն ՄԱԿ-ի կառույցների (ՅՈՒՆԿՏԱԴ, ՅՈՒՆԻԴՕ, ՄԱԿ ԵՏՀ, ՄԱԿ ԷՍԿԱՏՕ, ՅՈՒՆՍԻՏՐԱԼ), առաջատար միջազգային կազմակերպությունների՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՏՀԶԿ-ի ղեկավարները: Համաժողովին կմասնակցեն խոշորագույն տարածաշրջանային միավորումներ՝ ԱՍԵԱՆ-ը, ԲՐԻԿՍ-ը, ՇՀԿ-ն, ԱՊՀ-ն:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 12 կարևոր ինտեգրացիոն փաստաթուղթ՝ հուշագրեր, համաձայնագրեր, արձանագրություններ, համատեղ միջոցառումների պլաններ: