Նորություններ

18.07.2022 (Обновлено: 26.07.2022 11:19)

Ընդունվել են առաջին կազմակերպական որոշումները Եվրասիական ցանցային համալսարանի գործարկման վերաբերյալ:

Եվրասիական ցանցային համալսարանի (ԵՑՀ) մասին հիմնադրույթը ստացել է իր հիմնադիրների՝ Եվրասիական տնտեսական միության երկրների տասնհինգ առաջադեմ բուհերի ղեկավարների հավանությունը: Խորհրդակցությունը կայացել է հուլիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի մասնակցությամբ:

Ավելի վաղ՝ մայիսի 25-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում ԵԱՏՄ երկրների առաջատար բուհերի ռեկտորները ստորագրել են Եվրասիական ցանցային համալսարանի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Հուշագրի նպատակն է կրթության ոլորտում առանց արգելքների միջավայրի փուլ առ փուլ ստեղծումը՝ Ռազմավարություն-2025-ի համապատասխան: 

Նախատեսվում է, որ ԵՑՀ-ն զբաղվելու է որակավորված կադրերի նախապատրաստմամբ՝ օգտագործելով հեռակա կրթական տեխնոլոգիաները, գիտական հետազոտությունների ու մշակումների կազմակերպմամբ, եվրասիական ինտեգրման արժեքների ոգով երիտասարդների անձնային աճի խթանմամբ և այլ ուղղություններով:

Եվրասիական ցանցային համալսարանի մասին հիմնադրույթը սահմանում է վերջինիս գործունեութան առարկան և ուղղությունները՝ հաշվի առնելով ԵԱՏՄ իրավունքը, աշխատանքի կազմակերպման և գործունեության կառավարման ձևը, մասնակիցների ընդունման և հեռացման կարգը, գործունեության ֆինանսավորումը, ինչպես նաև ԵՑՀ-ում ունկնդիրների ընդունումը և ուսուցումը:

Եվրասիական ցանցային համալսարանը ձևավորվում է որպես գիտակրթական կոնսորցիում՝ առանց իրավաբանական անձի ձևավորման: ԵՑՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումները ամրացված են հուշագրի մասնակից կոնկրետ բուհերին:

Բացի այդ, խորհրդակցության ընթացքում ձևավորվել է ԵՑՀ Համակարգող խորհուրդը, որի նախագահ է ընտրվել Ռուսաստանի կառավարման պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վլադիմրիր Ստրոևը:

Եվրասիական ցանցային համալսարանի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի մասնակից են Բելառուսի պետական համալսարանը, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը, Ղրղզստանի Ն. Իսանովի անվ. շինարարության, տրանսպորտի և ճարտարագիտության պետական համալսարանը, Ղրղզստանի Մ. Ռիսկուլբեկովի անվ. տնտեսագիտական համալսարանը, Օշի պետական համալսարանը, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, ԵվրԱզԷՍ Միջխորհրդարանական Վեհաժողովին կից համալսարանը, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը, Կառավարման պետական համալսարանը, Բելգորոդի պետական տեխնոլոգիական համալսարանը, «Մոսկվայի էներգետիկական ինստիտուտ» ազգային հետազոտական համալսարանը, Բիշքեկի Կ. Կարասևի անց. պետական համալսարանը: Հուլիսի 15-ի նիստի ընթացքում հուշագրի մասնակիցներին են միացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ռուդնիի արդյունաբերական համալսարանը և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը: