«Պրոդէքսպո 2023». քննարկվել են Միության օրգանական արտադրանքի արտահանման հնարավորությունները

«Պրոդէքսպո 2023» սննդամթերքի, խմիչքների և դրանց արտադրության հումքի միջազգային ցուցահանդեսում կայացած լիագումար նստաշրջանի և «Ռուսական օրգանական արտադրանքի իրացման զարգացում. ներքին և արտաքին պահանջարկ» խորագրով պանելային քննարկման շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հայությունյանը խոսել է ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի միասնական շուկայի ստեղծման և Հանձնաժողովի կողմից Միության պետությունների հետ դրա ձևավորման ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման մասին։


ԵՏՀ ներկայացուցիչը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտադրանքը օրգանական ճանաչելու մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքի վերաբերյալ։ Փաստաթղթի ստորագրումը կդառնա ԵԱՏՄ ողջ տարածքում օրգանական արտադրության արտադրանքի ազատ շրջանառության մեկնարկային կետը։ Նա նաև նշել է նոր միջազգային պայմանագրի նախագծում ներառված առանցքային կարգավորիչ նորմերը։

«Միությունում օրգանական եղանակով արտադրված պարենամթերքի պահանջարկի, ինչպես նաև օրգանական արտադրանքի արտահանման ներուժի զարգացման համար մեր կողմից այսօր ձեռնարկվող քայլերը շատ կարևոր են, — ընդգծել է Արմեն Հարությունյանը։ — Կարևոր է շարունակել աշխատանքը մարդու առողջության համար օրգանական արտադրանքի օգուտների մասին սպառողների տեղեկացվածության բարձրացման և դրանց սպառման հանրահռչակման, օրգանական արտադրության ոլորտի պահանջները միջազգային չափանիշներին ներդաշնակեցման ուղղությամբ: Օրգանական արտադրանքի ազատ առևտուրն ապահովելու համար մեծ նշանակություն ունի միջպետական համագործակցությունը օրգանական գյուղատնտեսության համակարգերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ»։

Ցուցահանդեսի գործարար ծրագիրն ավանդաբար բացվել է օրգանական արտադրանքին նվիրված քննարկմամբ, որը կազմակերպել է «Ռոսկաչեստվո» ԻՈԱԿ-ն: Այս տարի միջոցառման ընթացքում քննարկվում էր հարցերի լայն շրջանակ` օրգանական արտադրանքի արտահանման հնարավորություններն ու ներքին պահանջարկի ավելացումը, օրգանիկայի սպառողի կերպարը, օրգանական շուկայի զարգացմանն աջակցության միջոցները, օրգանական արտադրանքի շրջանառության ոլորտի վերահսկողությունը և հսկողությունը:

«Պրոդէքսպո 2023» ցուցահանդեսի գործարար ծրագրի լիագումար նստաշրջանը նվիրված էր Ռուսաստանի պարենամթերքի շուկայում տեղի ունեցող առանցքային փոփոխություններին։ Արմեն Հարությունյանը՝ որպես հանդիպման բանախոս, մասնակցել է սննդի արդյունաբերության ոլորտների արտադրողականության, ներմուծման փոխարինման ավելացման և որակի բարձրացման, պարենամթերք արտադրողներին հումքով, սարքավորումներով և լրակազմողներով ապահովելու, ինչպես նաև լոգիստիկ շղթաների և արտահանման նոր ուղղությունների զարգացման թեմաների քննարկմանը։