Էներգետիկայի ոլորտի լիազորված մարմինների, ինչպես նաև եվրասիական «հնգյակի» երկրների առաջատար էներգետիկական ընկերությունների ներկայացուցիչները քննարկել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի նորմատիվ բազայի ձևավորումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի 18-րդ նիստին, որը կայացել է օգոստոսի 24-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում:
Նիստի ընթացքում կարգավորվել են զգալի թվով չհամաձայնեցված դրույթներ: Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործողության կանոնների փաթեթում ներառված երկու փաստաթղթերի նախագծերը նախապատրաստվել են բարձր մակարդակով ընդունվելու և հաստատվելու համար: Էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի կանոնների նախագիծը բարձր աստիճանի պատրաստության փուլում է, հայտնել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Վադիմ Զակրևսկին:
Խորհրդատվական կոմիտեն հավանության է արժանացրել ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում (ԸԷՇ) միջպետական հատույթների թողունակության որոշման ու բաշխման կանոնների նախագիծը: Փաստաթղթի նախագիծն ընթացիկ տարվա սեպտեմբերին կքննարկվի ԵՏՀ Կոլեգիայի նիստի ընթացքում:
Նիստին նաև համաձայնեցվել է ԵԱՏՄ ԸԷՇ շրջանակներում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնների նախագիծը՝ բացառությամբ արտաառևտրային միջպետական փոխանցման պայմանագրերի կնքմանն առնչվող հարցի՝ կողմերի մոտ վերջինիս պայմանների վերաբերյալ տարաձայնությունների առկայության պատճառով (կքննարկվի ԵՏՀ Խորհրդի կողմից):
ԵԱՏՄ ԸԷՇ-ում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոնների նախագծում կարգավորվել է Միության ԸԷՇ-ում առևտրի արժույթի հարցը: Կողմերը պայմանավորվել են, որ մեկ օր առաջ և ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի դեպքում հայտերի ներկայացումը և էլեկտրաէներգիայի գների ամրագրումն իրակայացվելու է այն անդամ պետության արժույթով, որի իրավազորության ներքո է իր գործունեությունն իրականացնում կենտրոնացված առևտրի օպերատորը:
ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարությամբ խորհրդատվական կոմիտեում լրացուցիչ քննարկվել է ժամկետային պայմանագրերով և մեկ օր առաջ էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի օպերատորների (առևտրային հարթակների) որոշման մասին ԵՏՀ Խորհրդի կարգադրության նախագծում այն կետերի պահպանման անհրաժեշտությունը, որոնք հասցեագրված են ԵԱՏՄ երկրների կառավարություններին: Այս փաստաթղթի նախագծում Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարություններին հասցեագրված հանձնարարությունների առկայությունը երաշխավորում է որոշվող առևտրային հարթակների կողմից համալիր միջոցառումների կատարումը, որոնք ուղղված են նրանց մոտ ներկայումս առկա գործարար գործընթացների և ծրագրաապարատային համալիրների արդիականացմանը՝ Միության ԸԷՇ-ում էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի օպերատորների գործառույթների իրականացման նպատակով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ծախսերի ֆինանսավորումը: Քննարկման արդյունքում ԵԱՏՄ չորս պետությունը հաստատել է նման անհրաժեշտությունը:
«Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործունեությունը կանոնակարգող բոլոր փաստաթղթերի շուտափույթ համաձայնեցումը թույլ կտա կազմակերպել էլեկտրաէներգիայի ազատ առևտուրը եվրասիական «հնգյակի» նախագահների կողմից սահմանված ժամկետներում», - ամփոփելով միջոցառման արդյունքները, նշել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Վադիմ Զակրևսկին:
Ընդհանուր շուկայում էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման համար ԵՏՀ Խորհուրդը պետք է որոշի նման առևտրի օպերատորներին: Հարկ է նշել, որ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանն արդեն առաջարկել են իրենց առևտրային հարթակները ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում աշխատելու համար: Դրանք են՝ Բելառուսի համապիտանի ապրանքային բորսան, Ղազախստանի էլեկտրաէներգիայի և հզորության շուկայի օպերատորը, Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսան և Ռուսաստանի առևտրային համակարգի ադմինիստրատորը: ԵՏՀ Խորհրդի համապատասխան կարգադրության նախագիծը նախապատրաստվել, համաձայնեցվել է ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարների կողմից և ուղարկվել ԵԱՏՄ մարմինների քննարկմանը: