ԵՏՀ-ի կողմից մշակված ԵԱՏՄ «կանաչ» փոխակերպման հայեցակարգը մրցանակ է ստացել

Եվրասիական տնտեսական միությունում կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգը, որը պատրաստվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության բլոկի կողմից, երրորդ տեղն է զբաղեցրել Եվրասիական տարածաշրջանում կայուն զարգացման միջազգային նախաձեռնությունների ERP HONOURS 2024 մրցույթում։

Մրցանակը Եվրասիայի կայուն զարգացման ոլորտի հաշվետվության հարցերով տարածաշրջանային գործընկերության (ԵՏԳ) ներկայացուցչի ձեռքից ստացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը։

Հայեցակարգն իրենից ներկայացնում է «կանաչ» փոխակերպման նպատակների իրագործման արագացման համար միջազգային տնտեսական համագործակցության ներուժի օգտագործման նախաձեռնություն: Հիմքում դրված է ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրում, մի կողմից, բնապահպանության և կլիմայի պաշտպանության միջև օպտիմալ հավասարակշռության ապահովման, մյուս կողմից՝ սոցիալտնտեսական զարգացման ազգային նպատակների իրականացման սկզբունքը։

Ավելի վաղ Հայեցակարգը նշվել էր ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՄԱԱԶԽ) կողմից ISAR HONOURS 2024 մրցույթի շրջանակներում՝ «Լավագույն միջազգային նախաձեռնություններ» անվանակարգում:

ԵՏԳ-ն տարածաշրջանային հարթակ է, որը ԵԱՏՄ երկրների ընկերություններին, աուդիտորական կազմակերպություններին և պետական մարմիններին օգնում է բացահայտել տեղեկատվությունը Մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի իրականացման գործում տնտեսության իրական հատվածի ձեռնարկությունների կողմից կատարվող ներդրման մասին: ԵՏԳ-ն նաև նպաստում է եվրասիական տարածաշրջանում այս ոլորտում լավագույն փորձի ներդրմանը:

ERP HONOURS-ը ԵՏԳ-ի ամենամյա մրցույթ է: Մրցույթի նպատակն է որոշել եվրասիական տարածաշրջանի երեք լավագույն կանաչ նախաձեռնությունները: