Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը հանդես է եկել որպես Միջազգային մաքսային համաժողովի պանելային նստաշրջանի մոդերատոր, որը նվիրված էր Եվրասիական տնտեսական միությունում ռիսկերի կառավարման համակարգի (ՌԿՀ) արդիական հարցերին:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունների պրոֆիլային կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Նիստի սկզբում Սերգեյ Վլադիմիրովը շեշտել է, որ կարևոր է, որ մաքսային մարմինների կողմից կիրառվող ՌԿՀ-ն ապահովի մաքսային մարմինների խնդիրների արդյունավետ լուծումը և այնպիսի հիմնական գործառույթների իրականացումը, ինչպիսիք են անվտանգության ապահովումը, վճարումների հավաքագրումը և, իհարկե, աջակցությունը օրինապաշտ առևտրին:
Պանելային նստաշրջանի բանախոսները խոսել են մաքսային ծառայություններում ՌԿՀ-ի կազմակերպման մասին՝ հաշվի առնելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում ամրագրված սկզբունքները։
Կայացած քննարկման շրջանակներում խոսվել է ՌԿՀ-ի կիրառմամբ մաքսային վերահսկողության ընդհանուր ստանդարտների ձևավորման գործում ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի դերի մասին, քննարկվել են ՌԿՀ-ի հետագա միասնականացման և զարգացման հիմնական հեռանկարները Ռազմավարություն-2025-ի իրականացման շրջանակներում, տեսչական և զննության համալիրների պատկերների ավտոմատ վերլուծության ոլորտի ձեռքբերումները, մաքսային ծառայությունների միջև պատկերների փոխանակումը ԵԱՏՄ պետությունների տարածքներով տարանցիկ փոխադրումների մաքսային հսկողության վերլուծություն կատարելու նպատակով։
«ԵԱՏՄ-ում ՌԿՀ-ի զարգացման ռազմավարական ուղղությունների որոշման ծրագրային փաստաթղթերը կարող են ընդհանուր լինել, բայց մարտավարական ասպեկտները կարող են տարբերվել, և դա խելամիտ է,- նշել է Սերգեյ Վլադիմիրովը։ - Ռազմավարական պլանում հայեցակարգային տարբերությունների առկայությունը կարող է ծնել տարբեր իրավակիրառ պրակտիկա և ներքին առևտրի խոչընդոտներ»։
Միջոցառման ավարտին նշվել է, որ մաքսային վարչարարության ոլորտում ինտեգրացիոն փոխգործակցության խորացումը կարող է իրականացվել ռիսկերի վերլուծության և կառավարման համակարգերի միասնականացմանն ուղղված հետագա աշխատանքի միջոցով, ինչը դրական ազդեցություն կունենա մաքսային հսկողության հավասարաչափության և մաքսային ծառայությունների փոխադարձ վստահության վրա, կապահովի դրա իրականացման միասնական ստանդարտներ։
Տեղեկանք
Համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (ԵԱՏՄ ՄՕ)՝ մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմիններն առաջնորդվում են մաքսային հսկողության օբյեկտների, մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողությունն ապահովող միջոցների ընտրողականության սկզբունքով (ԵԱՏՄ ՄՕ 310-րդ հոդվածի 4-րդ կետ), օգտագործելով ՌԿՀ-ն Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Ռիսկերի կառավարման բազային հիմքերը և ընդհանուր մեթոդաբանական մոտեցումները սահմանված են ԵԱՏՄ ՄՕ-ում։
ՌԿՀ-ի կիրառման ռազմավարության և մարտավարության, դրա գործունեության կարգի, ինչպես նաև ռիսկերի կառավարման գործընթացի իրականացման հարցերը, այդ թվում՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու միջոցների և դրանց կիրառման կարգի որոշումը, կարգավորվում են Միության անդամ պետությունների օրենսդրությամբ: