Նորություններ

10.05.2023 (Обновлено: 11.05.2023 17:28)

ԵԱՏՄ, ՇՀԿ և ԲՐԻԿՍ միավորումների փոխգործակցության զարգացումը կքննարկվի ԵՏՀ-2023-ում

Միջպետական միավորումների գործընկերային լայն ցանցի ստեղծումը և երկրների միությունների միջև համագործակցության զարգացումը գլոբալ տնտեսական ճարտարապետության վերաձևափոխման պայմաններում կքննարկեն Մոսկվայում մայիսի 24-ից 25-ն անցկացվելիք 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում անցկացվող «ԵԱՏՄ — ՇՀԿ — ԲՐԻԿՍ. բաց ինտեգրացիոն երկխոսություն» նստաշրջանի մասնակիցները: Համաժողովի օպերատորը Ռոսկոնգրես հիմնադրամն է:

Քննարկման մասնակիցները կքննարկեն համագործակցության առանցքային ոլորտները, ԵԱՏՄ երկրների համար Մեծ Եվրասիայում տրանսպորտալոգիստիկ մեգանախագծի իրականացման հետևանքները ԵԱՏՄ երկրների համար, ժամանակակից պայմաններում տվյալ ինտեգրացիոն միավորումների երկրների արժութաֆինանսական համագործակցության և փոխադարձ առևտրում հաշվարկների նոր ձևերի անցման հեռանկարները, ինչպես նաև աշխարհում ընդհանուր տնտեսական իրավիճակի կայունացման գործում միավորումների փոխգործակցության դերը։

Ակնկալվում է, որ նստաշրջանին կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը, ԲՐԻԿՍ-ում Հարավաֆրիկյան Հանրապետության շերպա Անիլ Սուկլալը և այլ հեղինակավոր փորձագետներ։ Քննարկման մոդերատորը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովն է։

«Ինտեգրացիոն ձևաչափերի միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնումը ոչ միայն նպաստում է ազգային տնտեսությունների աճին, այլև կարող է էական ազդեցություն ունենալ գլոբալ շուկայի գործունեությունում նոր մոտեցումների ձևավորման վրա։ Մեծ Եվրասիայի տարածքն ունի եզակի առևտրատնտեսական և տրանսպորտալոգիստիկ առավելություններ, մինչդեռ ԲՐԻԿՍ երկրների մարդկային ներուժը և ռեսուրսները կարող են բազմապատկել այս համագործակցության ազդեցությունը: Համոզված եմ, որ քննարկման ընթացքում փորձագետները կկարողանան գործնական կիրառություն գտնել ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի պետությունների համատեղ հնարավորությունների համար և առաջարկել միջպետական միավորումների միջև փոխգործակցության զարգացման կոնկրետ ուղիներ՝ առաջին հերթին ի շահ այդ երկրների քաղաքացիների», — ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պլանաչափորեն կառուցում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ երկխոսության ենթակառուցվածք. այս միավորման պետություններին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 30%-ը: Միևնույն ժամանակ, հնարավորություններ են բացվում նաև ԲՐԻԿՍ-ի մասնակցությամբ ավելի լայն ինտեգրացիոն շրջագծի խթանման համար. հատկապես արդիական են վճարային համակարգերի միավորման, երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման, նորարարությունների զարգացմանը աջակցման և առևտրի, մաքսային վարչարարության, ինչպես նաև տրանսպորտալոգիստիկ և էներգետիկ ոլորտներում կարգավորման լավագույն փորձի փոխանակման հարցերը։

2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անցկացվում են 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում: Համաժողովի նպատակն է Եվրասիական տարածքում կոոպերացիոն կապերի կատարելագործումը: ԵՏՀ-2023 իրադարձությունները կանցկացվեն «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում» կարգախոսի ներքո։ Միջոցառման շրջանակներում, ընդհանուր առմամբ, կանցկացվի շուրջ 35 գործարար նստաշրջան։ Դրանք կբաժանվեն յոթ թեմատիկ ուղղության, որոնց թվում են՝ «Մարդկային կապիտալ», «Տեխնոլոգիաներ և կոոպերացիա», «ԵԱՏՄ-ն փոփոխվող աշխարհում», «Եվրասիական կապակցվածությունը», ինչպես նաև «ԵԱՏՄ ներքին շուկան, մաքսային համագործակցություն, մրցակցություն և հանրային գնումներ»։ «Ռազմավարական բլոկի» շրջանակներում կանցկացվի ԵԱՏՄ ռազմավարություն-2030+-ի քննարկում։

Բացի այդ, Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կանցկացվի «Կանաչ Եվրասիա» միջազգային կլիմայական մրցույթը, Եվրասիայում միջազգային համագործակցության զարգացման նոր հնարավորությունների քննարկմանը նվիրված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գործարար նախաճաշը և «Տարածաշրջանների Եվրասիան» կլոր սեղանը: Կկայանան նաև Ինդոնեզիայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ ԵԱՏՄ-ի համագործակցությանը նվիրված գործարար երկխոսություններ:

Մանրամասն գործարար ծրագիրը հասանելի է համաժողովի պաշտոնական կայքում: