Ռուսլան Դավիդով. «Մակնշումը և նավիգացիոն կապարակնիքները ԵԱՏՄ շուկայի «սպիտակեցման» գործիքներն են»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը ՊՄՏՀ-2025 գործարար ծրագրի շրջանակներում կայացած «Մակնշման սոցիալական էֆեկտը. վստահություն, անվտանգություն, կյանքի որակ» նստաշրջանում խոսել է տնտեսական միությունում մակնշման համակարգի զարգացման, շուկայի պաշտպանության իրականացվող և հեռանկարային լուծումների մասին:

Ըստ ԵՏՀ նախարարի՝ մակնշման և նավիգացիոն կապարակնիքների նման թվային գործիքների արդյունավետ համալիր կիրառումը, ինչպես նաև վերահսկող մարմինների միջև տվյալների ավելի ամբողջական փոխանակումը կապահովեն ապրանքների տեղաշարժի թափանցիկությունը՝ Միության մաքսային տարածք ներկրելու պահից մինչև վերջնական սպառողը, և թույլ կտան նվազեցնել արտադրանքի ապօրինի շրջանառության բաժինը: Ըստ էության, դրանք ԵԱՏՄ շուկայի «սպիտակեցման» գործիքներն են:

Ռուսլան Դավիդովը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ աշխատում է միութենական մաքսային սահմանին անցակետերի՝ Միության շուկա օտարերկրյա ապրանքների «մուտքի» կետերի կահավորմանը և տեխնիկական հագեցմանը ներկայացվող պահանջների միասնականացման ուղղությամբ:

«Անցակետերը պետք է հագեցած ու արդիականացված լինեն թվայնացման և բեկումնային տեխնոլոգիաների կիրառման հիման վրա, ինչպիսիք են իրերի ինտերնետը, հաշվի առնելով լավագույն համաշխարհային փորձը», — նշել է Հանձնաժողովի մաքսային բլոկի ղեկավարը:
Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ մակնշման դրական արդյունքն ակնհայտ է, իսկ դրա ավելի ընդլայնված կիրառումը կբարձրացնի կենսամակարդակը ԵԱՏՄ-ում: