Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որտեղ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Երժան Բիրժանովի և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ժանդոս Դույսեմբիևի հետ:
Կողմերը քննարկել են մաքսային ոլորտում համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև ԵԱՏՄ մաքսային մարմինների գործունեության մեջ թվային լուծումների ներդրման հարցը։ Ղազախստանյան գործընկերները ներկայացրել են «Կեդեն» մաքսային ձևակերպման համակարգի ներդրման (ներկայումս գործում է թեստային ռեժիմով), էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի և ապրանքների հետագծելիության համակարգի իրագործման պլանները:
Հանդիպման ընթացքում ԵՏՀ մաքսային համագործակցության նախարարը անդրադարձել է ԵԱՏՄ անցակետերի մաքսային ենթակառուցվածքին ներկայացվող միասնական պահանջների ձևավորման անհրաժեշտությանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ոլորտի լավագույն փորձն ուսումնասիրելու մասին, այդ թվում՝ Ղազախստանի հինգ անցակետերից մեկում, որտեղ ավարվում է վերակառուցումը։
Այցի արդյունքում սահմանվել են փոխգործակցության հեռանկարային ուղղությունները, որոնց իրականացումը թույլ կտա արագացնել ԵԱՏՄ-ում միասնական մաքսային կարգավորման ձևավորման խնդրի լուծումը։ Դրանք են էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների համակարգի վերջնական գործարկումը, մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծումը, ԵԱՏՄ երկրների և Հանձնաժողովի միջև մաքսային տեղեկատվության փոխանակման կարգավորումը։