Ռուստան Ջենալինով. «ԵԱՏՄ-ում էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձի անցկացման համար տեխնոլոգիական փաստաթղթերի ամբողջ փաթեթը պատրաստ է»
Սեպտեմբերի 22-ին ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրեն Ռուստան Ջենալինովի նախագահությամբ կայացած պրոֆիլային աշխատանքային խմբի նիստում «հնգյակի» երկրների ներկայացուցիչները քննարկել են e-CMR էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագիծը ԵԱՏՄ-ում իրականացնելու պայմանները:

Անցումը թվային տեխնոլոգիաներին նվազեցնում են ոլորտի ծախսերը և բարձրացնում միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող բիզնեսի արդյունավետությունը: Փորձը պետք է ցուցադրի ԵԱՏՄ բոլոր հինգ երկրների համար «անթուղթ» բեռնափոխադրումների իրականացման գործնական հնարավորությունը: Դրա հիմքում է Ռուսաստանի և Բելառուսի միջև համանման փորձնական նախագծի ընթացքում ստացված փորձը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի ՍԵՖԱԿՏ D22A (UN/CEFACT – D22A) ստանդարտի վրա հիմնված e-CMR միջազգային տրանսպորտային բեռնագրի ձևաչափը հիմնականը համարելու մասին: Հենց այդ ձևաչափն է կիրառվել Ռուսաստանի և Բելառուսի միջև 2021-2023 թվականներին իրականացված փորձնական նախագծի շրջանակներում:

Աշխատանքային խումբը համաձայնեցրել է բեռնափոխադրումների մասնակիցների միջև փոխգործակցության չորս հիմնական սցենար: Առաջինում բեռնառաքը և փոխադրողը գտնվում են A երկրում, բեռնաստացը՝ B երկրում: Երկրորդում բեռնառաքը A երկրում է, փոխադրողը և բեռնաստացը՝ B երկրում: Երրորդի համար բեռնառաքը և փոխադրողը A երկրում են, տարանցումը B պետությունով է, բեռնաստացը C երկրում է: Վերջինում բեռնառաքը գտնվում է A երկրում, տարանցումը B պետությունով է, փոխադրողը և բեռնաստացը C երկրում են: Հետագայում սցենարների ցանկը կարող է ընդլայնվել:

Ամբողջ նախագծի կարևոր բաղադրիչ է տեղեկատվական փոխանակումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորների և վստահված երրորդ կողմի միջև: Մասնավորապես, սա Միության երկրներում օտարերկրյա էլեկտրոնային թվային ստորագրության ճանաչման եղանակն է և անդրսահմանային փաստաթղթաշրջանառության ընթացքում տեղեկատվական փոխգործակցության կարգը, որոնք կողմերը նույնպես սահմանել են:

«Այսօր մենք ձևավորել ենք փորձնական նախագծի շրջանակներում միջազգային տրանսպորտային բեռնագրերի հաջող կիրառման համար անհրաժեշտ տեխնոլոգիական փաստաթղթերի ամբողջ փաթեթը: Լուծելով e-CMR ներդրման գործնական խնդիրները, մենք ոչ միայն փակում ենք փոխադրողների պահանջմունքները, այլև վերացնում ԵԱՏՄ երկրների թվային անհավասարության սահմանները», — ամփոփել է Ռուստան Ջենալինովը:

Փորձը կպահանջի փորձագետների միջազգային խմբի համախմբված աշխատանք և կիրականացվի ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների սերտ փոխգործակցությամբ՝ ներառյալ տրանսպորտի, թվայնացման, հարկային և մաքսային կարգավորման ոլորտի լիազոր մարմինները, ոլորտային միավորումները, գիտական կազմակերպությունները և գործարար համայնքները:

Աշխատանքային խմբի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի դեկտեմբերին։

e-CMR-ը էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագիրն է, որը բեռնառաքի, փոխադրողի և բեռնաստացի միջև CMR միջազգային կոնվենցիայի պայմաններով (ԲՓՊԿ) կնքվող եռակողմ պայմանագրի հաստատումն է:

Փորձնական նախագիծը կապահովի տարբեր պետությունների սուբյեկտների միջև թվային ստորագրություն և «վստահված երրորդ կողմի» մեխանիզմների օգտագործմամբ իրավաբանորեն կարևոր էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման տեխնոլոգիայի մշակումը:

Փորձըկնպաստի տրանսպորտային փաստաթղթերի արագացված ստացմանը ստուգմանը, տրանսպորտալոգիստիկ և հսկիչ ու վերահսկիչ ընթացակարգերի իրականացման ծախսերի նվազեցմանը:




Скачать исходники фотографий