ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
27.06.2025

Հունիսի 27-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, կայացել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև Տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը:

Փաստաթուղթը ստորագրեցին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի առաջին փոխվարչապետ Դանիյար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդին:

Արաբական Միացյալ Էմիրությունները Պարսից ծոցի երկրների շարքում ԵԱՏՄ գլխավոր առևտրային գործընկերներից է: Ակնկալվում է, որ Տնտեսական գործընկերության մասին ստորագրված համաձայնագիրը նոր փուլանիշ կդառնա ԱՄԷ-ի հետ առևտրային հարաբերություններում և փոխադարձ առևտուրը կբերի որակապես նոր մակարդակ:

ԵԱՏՄ և ԱՄԷ միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի կնքման աշխատանքը, որն ուղղված է համագործակցության առավելագույն խորացմանը, շարունակվել է երկուսուկես տարի: Ստեղծված պայմանները թույլ կտան զգալիորեն ավելացնել երկրների միջև առևտրային շրջանառությունը:

«Նոր ձևավորվող առևտրային ռեժիմի շրջանակներում Էմիրությունների կողմը առանձնաշնորհային մուտք է բացել ապրանքային անվանացանկի 86%-ի համար: Միության զիջումները գործընկերոջ համար ընդգրկում են ապրանքային անվանացանկի 85%-ը», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Նա հստակեցրել է, որ արտահանման առանձնաշնորհային ծածկույթը մեր երկրների համար արժեքային արտահայտմամբ կընդգրկի ընթացիկ արտահանման ավելի քան 98%-ը, կամ ավելի քան 12.1 մլրդ դոլարը:  Առևտրային ռեժիմի ազատականացման արդյունքում ԱՄԷ-ի կողմից ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ կիրառվող միջին դրույքաչափը կկրճատվի 5%-ից մինչև 0.6%: Այսպիսով, ներմուծման մաքսատուրքերի վճարումից տարեկան տնտեսումը գնահատվում է ավելի քան 260 մլն դոլար:

Ապրանքային կտրվածքով առանձնաշնորհային մուտք կապահովվի ԵԱՏՄ-ի այնպիսի առանցքային գյուղատնտեսական ապրանքների համար, ինչպիսիք են հացահատիկայինները (ցորեն, գարի, եգիպտացորեն), միսը (ԽԵԱ, ոչխարի միս, ենթամթերք), թռչնամիսը, ձուն, չորացրած բանջարեղենը (սիսեռ, ոսպ, ոլոռ, լոբի), բուսական յուղը, կաթնամթերքը (անքաշ կաթ, կաթի փոշի, յոգուրտներ, կաթնային շիճուկ, սերուցքային կարագ, պանիրներ), հրուշակեղենը, մեղրը, հանքային ջուրը, ջեմերը, շոկոլադը:

Արդյունաբերական հատվածի մասով զիջումներ են տրամադրվել ապրանքների հետևյալ կատեգորիաների համար՝ մետաղագործական արդյունաբերության արտադրանք (լեգիրված պողպատից գլանվածք, շիկագլոցված և սառնագլոցված գլանվածք, պատրաստի արտադրատեսակներ սև մետաղներից, խողովակներ, պրոֆիլներ և անկյունակներ, երկաթե, ալյումինե և պղնձե մետաղալար, ալյումինե փայլաթիթեղ և այլն), նավթամթերքներ (ներառյալ թեթև և այլ թորվածքները), անտառարդյունաբերական համալիրի արտադրանք (սալեր, նրբատախտակ, տակդիրներ, կահույք և այլն), թաղանթանյութ, տպագիր արտադրանք, գայլիկոնման գործիքներ, մեխանիկական սարքավորումների լայն տեսականի՝ սկսած տուրբիններից մինչև պոմպերի առանձին տեսակներ:

Ազատականացումը կվերաբերի նաև էլեկտրական սարքավորումներին (էլեկտրագեներատորային կայանքներ, առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ և այլն), երկաթուղային կոնտեյներներին, շարժիչային փոխադրամիջոցներին՝ ներառյալ հատուկ տեխնիկան, կոսմետիկային (մազերի խնամքի միջոցներ, օծանելիք, դեզոդորանտներ և այլն), քիմիական արդյունաբերության արտադրանքին (ներկեր, յուղեր, մակերևութային ակտիվ նյութեր, պարարտանյութեր) և դեղերին:

Արաբական Միացյալ Էմիրությունները կկարողանան ավելացնել սպառողական ապրանքների լայն տեսականու մատակարարումները: Խոսքը կոսմետիկայի, օծանելիքի, ժամացույցների, հագուստի առանձին տեսակների մասին է:

«Համաձայնագիրը իսկապես պատվախնդիր է, և ոչ միայն սակագնային ազատականացման, այլև դրանով ձևավորվող կարգավորող միջավայրի տեսանկյունից», — նշել է Անդրեյ Սլեպնևը:

Նրա խոսքով՝ փաստաթղթում ամրագրված դրույթները համապատասխանում են էլեկտրոնային առևտրի, տնտեսական համագործակցության և ՓՄՁ-ին ԵԱՏՄ երկրների և ԱՄԷ միջև արտաքին առևտրային գործունեությանը ներգրավման հարցերով լավագույն համաշխարհային ստանդարտներին:

«Մեր առևտուրը 2020 թվականից աճել է ավելի քան երեք անգամ: Բիզնեսի խանդավառության և ԵՏՀ և մեր երկրների կարգավորիչների ակտիվ աշխատանքի շնորհիվ համաձայնագիրը գործարկելուց հետո արդեն մոտ ապագայում ապրանքաշրջանառությունը կարող է գերազանցել 20 մլրդ դոլար ցուցանիշը», — համոզված է ԵՏՀ առևտրի նախարարը:
Ստորագրվելուց հետո տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը կուղղվի ԱՄԷ-ում և ԵԱՏՄ երկրներում վավերացման ընթացակարգերի իրականացմանը, որոնք անհրաժեշտ են դրա ուժի մեջ մտնելու համար։