ԵԱՏՄ երկրների և Բանգլադեշի միջև համագործակցությունը կարևոր է և փոխշահավետ

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Շեյխ Հասինան շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ իրեն ուղղված շնորհավորանքի համար։

«Բանգլադեշի Հանրապետության բնակչության կյանքի բարելավումը միշտ առաջնահերթ է եղել իմ օրակարգում, — ասված է Շեյխ Հասինայի նամակում: — Կառավարության կայունության շնորհիվ մենք վերջին 15 տարվա ընթացքում հասել ենք աննախադեպ սոցիալտնտեսական զարգացման և առաջիկա 5 տարում կարող ենք շատ ավելիին հասնել։ Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել մինչև 2041 թվականը բարձր եկամուտ ունեցող երկիր դառնալու մեր ձգտումն իրականացնելու համար»:

Շեյխ Հասինան համոզված է, որ կողմերի միջև համագործակցության խորացումը կարևոր և փոխշահավետ է ինչպես Բանգլադեշի բնակչության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության պետությունների համար։ Նա ընդգծել է, որ ուրախ կլինի, «եթե այս գործընկերությունը դառնա ավելի ամուր, պայծառ և ուղղված լինի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ավելի սերտ համագործակցությանը»։

Հիշեցնենք, ավելի վաղ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորական նամակում նշել էր, որ այս տարվա հունվարի 7-ի ընտրություններում Շեյխ Հասինայի նոր համոզիչ հաղթանակը վկայում է վարչապետի կողմից վարվող սոցիալական կուրսին՝ երկրի սոցիալտնտեսական զարգացմանը, Բանգլադեշի Հանրապետության ժողովրդի անկեղծ աջակցության մասին: Հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը վստահություն էր հայտնել Բանգլադեշի կառավարության և ԵՏՀ փոխգործակցության խորացման հարցում, այդ թվում՝ 2019 թվականին ստորագրված Համագործակցության հուշագրի շրջանակներում։

Տեղեկանք

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության իշխող «Ավամի լիգ» («Ժողովրդական լիգա») կուսակցության առաջնորդ, վարչապետ Շեյխ Հասինան չորրորդ անգամ անընդմեջ և հինգերորդ՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում, զբաղեցրել է կառավարության ղեկավարի պաշտոնը։