ԵՏՀ խորհուրդն արդիականացրել է ԵԱՏՄ պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մանրէազերծ դեղամիջոցների արտադրությանը ներկայացվող պահանջների արդիականացման մասին (Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնների թիվ 1 հավելված): Փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով առաջադեմ միջազգային փորձը և մանրէազերծ դեղեր ստանալու ժամանակակից տեխնոլոգիաները:

 

Նոր խմբագրությամբ թարմացվել են զտության մանրէաբանական ցուցանիշներին ներկայացվող պահանջները: Ավելացել է որակի համար ռիսկերի կառավարման սկզբունքի կիրառումը, որն ուղղված է մանրէազերծ դեղամիջոցների հնարավոր մանրէային աղտոտման կանխարգելմանը և մանրէաբանական վերահսկողության ռազմավարության մշակմանը:

Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնելու երկու փուլով. հիմնական մասը՝ հրապարակվելուց վեց ամիս անց, իսկ արտադրության էական արդիականացում պահանջող դրույթները՝ երեք տարի անց, որպեսզի արտադրողները հասցնեն պատրաստվել նորացված պահանջներին:

«Փոփոխություններն ընդունելով՝ մենք կհասնենք ԵԱՏՄ մաքսային տարածքում արտադրվող մանրէազերծ դեղամիջոցները երրորդ երկրներ արտահանելիս դրանց մրցունակության ապահովման և Միության շուկա երրորդ երկրների տարածքում արտադրվող որակյալ մանրէազերծ ապրանքների մուտքի ապահովման նպատակներին», — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը:

Նոր խմբագրությամբ պահանջների ընդունումը կարևոր քայլ կդառնա ԵԱՏՄ դեղագործական ոլորտի՝ համաշխարհային տարածք ինտեգրման գործում և կապահովի բուժառուների համար դրա անվտանգության և որակի բարձր մակարդակ:

ԵԱՏՄ պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնները հաստատվել են ԵՏՀ խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 77 որոշմամբ: