ԵՏՀ խորհուրդը մինչև 2026 թվականի վերջը զրոյացրել է նատրիումի սուլֆիդների և թաղանթանյութի եթերների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը
01.08.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել նատրիումի սուլֆիդների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2830 10 000 0 ծածկագիր) և թաղանթանյութի այլ հասարակ եթերների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3912 39 850 0 ծածկագիր) նկատմամբ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափեր սահմանելու մասին:

«Նատրիումի սուլֆիդներին առնչվող որոշումն ուղղված է Եվրասիական տնտեսական միության երկրների մետաղագործական և քիմիական արդյունաբերության ձեռնարկություններին աջակցելուն, — նշել են ԵՏՀ առևտրային բլոկում: — Թաղանթանյութի եթերներն, իրենց հերթին, օգտագործվում են հիմնականում որպես առանցքային բաղադրիչ՝ ջրակապող և թանձրացուցիչ նյութ բազմաթիվ արտադրատեսակներում և արդյունաբերության ոլորտներում՝ կենցաղային մաքրող նյութերում, քսանյութերում, դեղագործական կազմերում, շինանյութերում, սոսինձներում, լաքաներկային արտադրանքում, նավթագազային արդյունաբերությունում և այլն»:

Մաքսասակագնային կարգավորման համապատասխան միջոցների կիրառումը թույլ կտա նվազեցնել պատրաստի արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել դրա մրցունակությունը ներքին և արտաքին շուկաներում:

Որոշումներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։