Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել անիդային թելերի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5402 19 000 1 ծածկագիր) նկատմամբ մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ժամկետով ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի 0%-ի չափով դրույքաչափ սահմանելու մասին:
«Մաքսասակագնային կարգավորման միջոցն ուղղված է կորդային գործվածքների արտադրողներին, ինչպես նաև անվադողերի արդյունաբերության ձեռնարկություններին աջակցելուն, — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։ — Լուծումը թույլ կտա բարձրացնել շահութաբերությունը և նվազեցնել վերջնական արտադրանքի ինքնարժեքը, ինչպես նաև բարձրացնել հայրենական տեխնիկական գործվածքների մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում՝ պայմաններ ստեղծելով Եվրասիական տնտեսական միության տարածքում դրանց ներմուծման փոխարինման համար»։
Վահագն Ղազարյանն ընդգծել է նաև, որ ներկայումս ԵԱՏՄ երկրներում քննարկվող անիդային թելերի արտադրություն չկա։ Նշված ապրանքի կարիքը բավարարվում է հեռավոր արտասահմանից ներմուծվող մատակարարումների հաշվին։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Անիդային թելերից պատրաստված տեխնիկական գործվածքները կիրառվում են մեքենաշինական ոլորտում (ավտոմոբիլաշինությունում, ավիաշինությունում և նավաշինությունում, երկաթուղային ոլորտում և այլն), ինչպես նաև շինարարությունում, գյուղատնտեսությունում և մասնագիտացված հագուստի արտադրության մեջ։ Կորդային գործվածքը, մասնավորապես, օգտագործվում է որպես բազմաշերտ հիմնակմախք օդաճնշական անվադողերի արտադրության մեջ՝ պատրաստի արտադրանքին հաղորդելով ավելի մեծ դիմադրություն ջերմային ծերացման նկատմամբ և ամրություն, ինչը նվազեցնում է անվադողերի մաշեցումը և մեծացնում դրանց վազքը: Անիդային կորդային գործվածքի սպեցիֆիկ հատկությունները այն անփոխարինելի են դարձնում բեռնատարների և խոշոր ծավալաչափի անվադողերի արտադրության մեջ, որոնք օգտագործվում են ծանր ճանապարհային պայմաններում, ինչպես նաև արագընթաց թեթև մարդատար մեքենաների անվադողերի արտադրության մեջ:
Անիդային թելերի համար ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը սահմանվել է մաքսային արժեքի 5%-ի չափով։ ԵՏՀ խորհրդի մի շարք որոշումներին համապատասխան՝ 2017-2022 թվականներին կիրառվում էր ժամանակավոր զրոյական դրույքաչափ։