Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի
կարգադրությամբ հավանություն է ստացել և ստորագրման համար անհրաժեշտ ներպետական
ընթացակարգերի իրականացման համար անդամ պետություններին է ուղարկվել Եվրասիական
տնտեսական միության շրջանակներում ծառայությունների բանկային և ապահովագրական
հատվածներում ստանդարտացված լիցենզիայի մասին համաձայնագրի նախագիծը։
Համաձայնագրի նախագիծն ուղղված է բանկային և ապահովագրական հատվածներում մայր բանկի (ապահովագրական կազմակերպության) ծագման պետությունուն տրված ստանդարտացված լիցենզիայի փոխադարձ ճանաչման ապահովմանը։ Այս ճանաչումը թույլ կտա պարզեցված ընթացակարգով իրականացնել կացության պետության տարածքում դուստր բանկի կամ ապահովագրական կազմակերպության հիմնադրումը կամ ձեռք բերումը։
Համաձայնագրի նախագիծը մշակվել է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգին և ԵԱՏՄ պետությունների ֆինանսական շուկայի ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանին համապատասխան։
Ներկա պահի դրությամբ Համաձայնագրի նախագիծն անցել է ներպետական համաձայնեցման ընթացակարգը Միության անդամ բոլոր պետություններում։
«Համաձայնագրի նախագծին հավանություն տալը կարևոր քայլ է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ճանապարհին։ Ստանդարտացված լիցենզիայի փոխադարձ ճանաչումը բանկերին և ապահովագրական կազմակերպություններին կօգնի պարզեցված ընթացակարգով մուտք գործել ԵԱՏՄ պետությունների շուկաներ, ինչը մեր բոլոր երկրներում կնվազեցնի վարչական արգելքները և նոր հնարավորություններ կստեղծի ֆինանսական ծառայությունների սպառողների համար», — հայտարարել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սոիլթանովը։