ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ դեղագործական շուկայում ԱՀԿ կարգավորիչ պրակտիկաների ներդրմանը
ԵՏՀ և Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմիններն առաջնորդվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներով դեղերի շրջանառության բոլոր առանցքային փուլերում՝ նախակլինիկական հետազոտություններից և գրանցումից մինչև դեղագործական հսկողություն, տեսչական ստուգումներ և պետական վերահսկողություն։ Համապատասխան որոշումն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հուլիսի 9-ին։

Այս ստանդարտներին հետևելը ԱՀԿ-ն համարում է բարձր կարգավորիչ հասունության մակարդակին հասնելու գործոններից մեկը։ ԵԱՏՄ համար սա պարզապես ազգային ընթացակարգերը միջազգային նմուշին համապատասխանեցնել չէ, այլ կանոնների թափանցիկ և կանխատեսելի համակարգի ձևավորում։

«Պատշաճ կարգավորիչ պրակտիկայի ընդհանուր տարածքի ձևավորումը ռազմավարական քայլ է, սա ոչ թե փաստաթղթերի տեխնիկական շտկում է, այլ բիզնեսի և քաղաքացիների համար հասկանալի և կայուն պայմաններով մրցակցային միջավայրի ստեղծում», — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը։

Նոր մոտեցումների հիմքում ԵՏՀ և ազգային կարգավորիչների աշխատանքի ինը սկզբունք է դրված՝ օրինականությունը, հետևողականությունը, անկախությունը, անաչառությունը, համաչափությունը, ճկունությունը, հասկանալիությունը, արդյունավետությունը և թափանցիկությունը։

Ակնկալվում է, որ այս ստանդարտների ներդրումը հզոր խթան կհաղորդի ԵԱՏՄ երկրների դեղագործական ոլորտին։ Առանցքային արդյունք կդառնան արտահանման ներուժի աճը, Միության երկրներում արտադրված դեղամիջոցների նկատմամբ վստահության ամրապնդումը, ընդհանուր շուկայի զարգացումը, կարգավորիչ մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաև բազմավեկտոր միջազգային համագործակցության և միջազգային կապերի զարգացումը։