Նորություններ

04.07.2023

ԵՏՀ Խորհուրդը որոշել է Միության ընդհանուր շուկայում էլեկտրաէներգիայի օր առաջ կենտրոնացված առևտուր իրականացնող կազմակերպությունը


Հուլիսի 4-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը «Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առևտրային համակարգի ադմինիստրատոր» բաժնետիրական ընկերությունը (Ռուսաստանի Դաշնություն) ընտրել է որպես Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում էլեկտրական էներգիայի օր առաջ կենտրոնացված առևտուր իրականացնող կազմակերպություն։

Այժմ որոշվել են ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում կենտրոնացված առևտրի՝ Միության մասին պայմանագրով նախատեսված բոլոր օպերատորները։

ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծումը առաջնահերթ խնդիրներից է։ Ակնկալվում է, որ էլեկտրաէներգիայի ընդհանուր միութենական շուկան կգործարկվի 2025 թվականի հունվարի 1-ից։

Նախատեսվում է, որ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում «հնգյակի» երկրները պայմաններ կստեղծեն անդրսահմանային առևտրին իրենց բոլոր «մեծածախ վաճառողների» մասնակցության համար։ Կամավորությունը, մրցակցությունը և թափանցիկ գնագոյացումը՝ սրանք են շուկայի գործունեության իրավական հիմքում ընկած հիմնական սկզբունքները։

ԵՏՀ Խորհուրդը նաև համաձայնեցրել է Միության երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունման համար ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործունեության կանոնների (փոխադարձ առևտրի, էլեկտրահաղորդման միջպետական գծերի թողունակության որոշման և բաշխման և տեղեկատվական փոխանակման) ներկայացման ժամկետները։

Այժմ համակարգված աշխատանք է տարվում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման ուղղությամբ։ Արդեն ուժի մեջ է մտել միջազգային համաձայնագիրը, հաստատվել են էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցման (տարանցման) ծառայությունների հասանելիության կանոնները, ինչպես նաև որոշվել են ընդհանուր շուկայում ժամկետային պայմանագրերով էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտուր կազմակերպող առևտրային հարթակները։

Տեղեկանք

Ժամկետային պայմանագրերով էլեկտրաէներգիայի կենտրոնացված աճուրդների համար ԵՏՀ Խորհուրդը 2022 թվականի նոյեմբերին ԵԱՏՄ երկրների առաջարկների հիման վրա սահմանել է երեք առևտրային հարթակ՝ Բելառուսի համապարփակ առևտրային բորսա (ԲՀԱԲ), Ղազախստանի էլեկտրաէներգիայի և հզորության շուկայի օպերատոր (ՂԷՀՇՕ), Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսա (ՍՊբՄԱՀԲ): Աճուրդներն անցկացվելու են առևտրի էլեկտրոնային համակարգում՝ բորսայական մեխանիզմների, այն է՝ անանուն կրկնակի հանդիպական աճուրդի օգտագործմամբ: