Մայիսի 29-ին Աստանայում՝ 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի 31-րդ նիստը:
Քննարկվել են ԵԱՏՄ երկրների հավատարմագրման մարմինների փոխադարձ համեմատական գնահատումների հարցեր: Խորհրդի անդամները որոշել են Հայաստանի հավատարմագրման մարմնի փոխադարձ համեմատական գնահատման ամփոփիչ քայլերը, որը նախատեսվում է ավարտել այս տարվա ամռանը: Առանձին անդրադարձել են Բելառուսի հավատարմագրման մարմնի փոխադարձ համեմատական գնահատման նախապատրաստմանը. համաձայնեցվել են գնահատման խմբի կազմը և ղեկավարը, ինչը թույլ կտա սկսել համապատասխան աշխատանքն ընթացիկ տարվա վերջին:
Հաշվի առնելով ձևավորված պրակտիկան՝ նախապատրաստվել և համաձայնեցվել են Միության պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման կարգի փոփոխությունները, որը հաստատվել էր եվրասիական «հնգյակի» երկրների կառավարությունների ղեկավարների կողմից 2022 թվականին:
Քննարկվել են ինտեգրացիոն միավորումների երկրներում իրականացվող միջլաբորատոր համեմատական փորձարկումներին հավատարմագրման ազգային մարմինների մասնակցության հարցեր:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ պետությունների հավատարմագրման մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության ալգորիթմի կատարելագործումը շարունակելու մասին:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի որոշմամբ որպես ԵԱՏՄ մասին պայմանագրի իրականացման շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում հավատարմագրման զարգացման համար Միության օժանդակ մարմին։
2026 թվականին Ղեկավարների խորհրդի նախագահությունն իրականացնում է Ղազախստանը՝ ի դեմս Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի «Հավատարմագրման ազգային կենտրոն» տնտեսական վարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության: