Մայիսի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ կայացել է էներգետիկայի ոլորտում անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը:
Հանդիպման ընթացքում եվրասիական «հնգյակի» երկրների էներգետիկայի նախարարությունների ղեկավարները քննարկել են նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման արդիական հարցեր:
Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ կողմերը պատրաստ են երկխոսությանը. «Կողմերի համար զգայուն հարցերի վերաբերյալ լուծումների որոնումը կշարունակվի ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ ավելի բարձր մակարդակով նավթի և նավթամթերքների վերաբերյալ միջազգային պայմանագրի շուտափույթ ստորագրման համար»:
ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ղեկավարներն առաջարկել են ամրապնդել փոխգործակցությունը ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության առանձին հարցերի կարգավորման շուրջ երկկողմ խորհրդատվությունների անցկացման շրջանակում։
Նիստի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության առաջարկը Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի մասով փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, որը ենթադրում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործունեության մոտեցումների զգալի փոփոխություններ:
Նիստի մասնակիցները նշել են, որ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել հարցը՝ պարտադիր ֆինանսատնտեսական գնահատական տալով Ղազախստանի Հանրապետության կողմից ենթադրվող ռիսկերին և ընթացիկ պայմաններում ներքին էներգետիկ շուկաների պաշտպանության համար գործիքների բավարար լինելուն:
Արզիբեկ Կոժոշևը զգալի դրական արդյունքներ է արձանագրել Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասով. «Ներկա պահի դրությամբ հաստատվել է շուկայի գործունեության գրեթե ամբողջ նորմատիվ բազան, զգալի չափով նախապատրաստվել են Միանալու մասին պայմանագիրը և կանոնակարգերը: Անհրաժեշտ է ակտիվացնել ինտեգրացիոն ասպեկտների համար ծայրահեղ կարևոր շուկայի ձևավորման և գործունեության ապահովման աշխատանքները, այդ թվում՝ հաշվի առնելով տնտեսության իրական հատվածի վրա էլեկտրաէներգետիկայի լայն ազդեցությունը»:
Երբ ղազախստանյան կողմը կներկայացնի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փորձագետները կվերադառնան առաջարկի քննարկմանը: