Եվրասիական տնտեսական միության պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման միտումներն ու հեռանկարները 2022 թվականին և մակրոտնտեսական քաղաքականության ոլորտի միջոցառումները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության խորհրդատվական կոմիտեի անդամները։ Նիստն անցկացվել է հունիսի 2-ին Մոսկվայում։
Ամփոփելով 2022 թվակկանին ԵԱՏՄ պետությունների տնտեսական զարգացման արդյունքները, ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը նշել է, որ, չնայած բարդ արտաքին պայմաններին, անդամ պետություններին հաջողվել է ապահովել ֆինանսական կայունությունը, պահպանել արտաքին և փոխադարձ առևտրի դրական դինամիկան։
Հանձնաժողովը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների 2022 թվականի մշտադիտարկման արդյունքները:«Հոռետեսական կանխատեսումները չարդարացան. ԵԱՏՄ-ում տնտեսական ակտիվության անկումը չնչին էր։ Տնտեսական աճի զգալի ներուժը պահպանվում է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալի ավելացման հաշվին։ Դա պայմանավորված է մի շարք օտարերկրյա մատակարարների և արտադրողների հեռանալու հետևանքով ներքին շուկայի մի մասի ազատմամբ, ինչպես նաև արտադրական հզորությունների օգտագործման բարձրացման և ներմուծման փոխարինման առկա հնարավորություններով։ Միաժամանակ անհրաժեշտ է ավելի լայնորեն կիրառել վերաֆինանսավորման հատուկ գործիքներ», — ընդգծել է Սերգեյ Գլազևը։
Նշվել է, որ ԵԱՏՄ բոլոր երկրներում արձանագրվել է գնաճի արագացում։ Դրա հաշվարկային արժեքը 2021 թվականի 12,7%-ից 2022 թվականին հասել է 13,3%-ի։ Գնաճի առավել ցածր արժեքը Հայաստանում էր (8,3%), տարվա ընթացքում առավել կայունը Ղրղզստանի սպառողական գներն էին։
ԵԱՏՄ բոլոր երկրներում բյուջետային կայունության պահպանմանը նպաստել է բյուջեի եկամուտների ակտիվ աճը։ Միության երկրների մեծ մասում բյուջետային ծախսերը ինտենսիվորեն աճել են, ինչը մեծապես պայմանավորված էր արտաքին ցնցումների և գնաճի պայմաններում տնտեսությանն աջակցելով։«Պետական կառավարման հատվածի բյուջեի դեֆիցիտի քանակական արժեքը 2022 թվականի արդյունքներով ԵԱՏՄ երկրների կողմից չի գերազանցվել։ ԵԱՏՄ պետությունների մեծ մասում նկատվել է բյուջեի հաշվեկշիռների բարելավում, իսկ պետական կառավարման հատվածի պարտքը էապես նվազել է Հայաստանում և Ղրղզստանում», — հայտնել է ԵՏՀ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման ընթացքում համագործակցության բաժնի պետ Միխայիլ Սիլվեստրովը։
Տեղեկանք
Հանձնաժողովը համակարգում է անդամ պետությունների կողմից համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը մակրոտնտեսական ցուցանիշների մշտադիտարկման միջոցով, որոնք որոշում են անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը, և դրանց համապատասխանությունը ԵԱՏՄ մասին պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված քանակական արժեքներին. գնաճի մակարդակը (սպառողական գների ինդեքս) տարեկան կտրվածքով (դեկտեմբեր՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ տոկոսային արտահայտմամբ) չի գերազանցում գնաճի մակարդակն ավելի քան 5 տ.մ.-ով այն անդամ պետությունում, որտեղ այս ցուցանիշն ունի ամենացածր արժեքը, պետական կառավարման ոլորտի համախմբված բյուջեի դեֆիցիտը` առավելագույնը ՀՆԱ-ի 3%-ը, պետական կառավարման հատվածի պարտքը՝ առավելագույնը ՀՆԱ-ի 50%-ը։
Մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցում հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը անդամ պետության համար մշակում է հանձնարարականներ և համատեղ միջոցառումներ՝ ուղղված տնտեսական իրավիճակի կայունացմանը։