Նորություններ

24.04.2025

ԵԱՏՄ երկրները պահպանում էին տնտեսական աճի համաշխարհային միջինից բարձր տեմպերը

Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որը վարում էր ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը, քննարկվել է 2024 թվականի զեկույցը սոցիալտնտեսական զարգացման արդյունքների և հեռանկարների և անդամ պետությունների կողմից մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում ձեռնարկված միջոցների մասին։ Տնտեսական աճի տեմպերը 2024 թվականի արդյունքներով գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշը. ընդհանուր ՀՆԱ-ն աճել է 4.4%-ով։ Առանցքային մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասը դրսևորել է դրական դինամիկա։

Անդամ պետությունների կողմից ձեռնարկված միջոցներն ուղղված էին մակրոտնտեսական կայունության ապահովմանը, անհավասարակշռությունների ժամանակին կանխարգելմանը և կարգավորմանը։

Նիստում ներկայացվել են Եվրասիական տնտեսական միության պետությունների կայուն տնտեսական զարգացումը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների մշտադիտարկման արդյունքները։ Նշվել է, որ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ երկրների մեծ մասում պահպանվում է բյուջեի և պարտքի կայունությունը։ Միևնույն ժամանակ, անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության գերակայություններից է մնում գնային կայունության ապահովումը։

Նիստի մասնակիցները քննարկել են Կանխատեսման համակարգի մոտեցումների կատարելագործման նպատակով սոցիալտնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների նախապատրաստման համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման կարգի փոփոխությունները:

Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեն Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմին է, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության հարցերի վերաբերյալ եզրակացությունների, առաջարկների, հանձնարարականների նախապատրաստումը և խորհրդատվությունների անցկացումը։ 

ԵԱՏՄ մասին պայմանագրի 63-րդ հոդվածին համապատասխան՝ տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշներից են գնաճի մակարդակը, պետական կառավարման հատվածի բյուջեի պակասուրդը և պետական կառավարման հատվածի պարտքը։