ԵԱՏՄ երկրներն ամրապնդում են համագործակցությունը սպառողներին կեղծ ապրանքներից պաշտպանելու համար
06.10.2025
Մինսկում հոկտեմբերի 6-ին «Անտիկոնտրաֆակտ 2025» 13-րդ միջազգային համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության աջակցությամբ անցկացրել է «Եվրասիական նախաձեռնություն. միավորելով ջանքերը սպառողներին կեղծ ապրանքներից պաշտպանելու համար» թեմայով քննարկման նստաշրջան:

ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Վլադիմիր Սինկևիչն ընդգծել է, որ բաց և արդար շուկայի կառուցման առանցքային միջոցներն են բիզնեսի վարքագծի կամավոր ստանդարտների ներդնումը, սպառողների կրթումը և ակտիվ փոխգործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: Ըստ Վլադիմիր Սինկևիչի՝ հենց նման գործունեությունն է օգնում ձևավորել գնորդների վստահությունը և ապահովում նրանց շահերի արդյունավետ պաշտպանությունը:

Նա հատուկ ընդգծել է «Անտիկոնտրաֆակտ» ամենամյա համաժողովի կարևորությունը, որը միավորում է կարծիքների առաջնորդներին և տարբեր ոլորտների մասնագետներին կեղծ արտադրանքի դեմ պայքարի ընդհանուր մոտեցումների մշակման և գործնական քայլերի ձեռնարկման, ինչպես նաև պատասխանատու սպառման մշակույթի առաջմղման համար:

Նստաշրջանի բանախոսներն անդրադարձել են ժամանակակից շուկայական իրավիճակին, առևտրի նոր ձևաչափերի զարգացմանը, օրենսդրական նախաձեռնություններին և կեղծված ապրանքների նույնականացման համար նորագույն տեխնոլոգիաների և թվային լուծումների օգտագործման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցերին:

Առանձին անդրադարձ է կատարվել կեղծ արտադրանքի տարածման կանխարգելման և կեղծ ապրանքների գնման ռիսկերի մասին քաղաքացիների իրազեկվածության բարձրացման գործում ձեռնարկատերերի պատասխանատվությանը:

Փորձագետները քննարկել են առցանց վաճառքների մշտադիտարկման գործնական գործիքները և ապրանքների որակի վերահսկողության համակարգի հետագա կատարելագործման ուղիները:

Քննարկման արդյունքները կդրվեն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ինտեգրման գործընթացների հետագա զարգացմանն ուղղված Հանձնաժողովի առաջարկների հիմքում։

 

Միջոցառման մասնակից էին Եվրասիական տնտեսական միության երկրների և Ուզբեկստանի Հանրապետության պետական մարմինների, հասարակական միավորումների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

 



Скачать исходники фотографий