Կենտրոնական Աֆրիկայի երկրները հետաքրքրված են ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն փորձի ուսումնասիրությամբ

Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության, անդամ պետությունների միջև առևտրի խթանման և տարածաշրջանային տնտեսական միավորումների շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի զարգացման հեռանկարները հունիսի 15-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կողմերի պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը և Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի (ԿԱՊՏՀ) ընդհանուր շուկայի, տնտեսական, արժութային և ֆինանսական հարաբերությունների գծով հանձնակատար Ֆրանսուա Կինիմբան:


Գոհար Բարսեղյանը և Ֆրանսուա Կվինիմբան միմյանց տեղեկացրել են ինտեգրացիոն օրակարգերի ներկա վիճակի մասին՝ նշելով դրանց նմանությունը ներքին շուկայի կարգավորման մի շարք ասպեկտներում։ Այս համատեքստում լավագույն ինտեգրացիոն փորձի փոխանակումը, ըստ կողմերի, համագործակցության հեռանկարային ոլորտ է։

ԿԱՊՏՀ-ի ներկայացուցիչը հետաքրքրություն է ցուցաբերել ԵՏՀ-ի և բիզնեսի փոխգործակցության մեխանիզմների, Միությունում արդյունաբերական կոոպերացիայի զարգացման հնարավորությունների նկատմամբ։

Ի պատասխան աֆրիկյան պատվիրակության համապատասխան հարցման՝ Գոհար Բարսեղյանը հաստատել է մտքերի առավել բովանդակալից փոխանակման համար մասնագիտացված սեմինար կազմակերպելու իր պատրաստակամությունը։ Առաջարկվել է այն անցկացնել այս տարվա հուլիսի 26-ից 29-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Ռուսաստան-Աֆրիկա» տնտեսական և հումանիտար համաժողովի հարթակում։ Համաժողովի շրջանակներում կողմերը կկարողանան հատուկ ուշադրություն դարձնել ԵԱՏՄ փոխգործակցությանը Աֆրիկայի ենթատարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ։

Ֆրանսուա Կվինիմբան իր հերթին հետաքրքրություն է հայտնել ԿԱՊՏՀ-ի և ԵՏՀ-ի միջև կայուն երկխոսություն հաստատելու հարցում և խոսել Հանձնաժողովի հետ համագործակցության պաշտոնականացման հնարավորության մասին։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Ռուսաստան-Աֆրիկա» գործընկերության համաժողովի քարտուղարության ղեկավար Օլեգ Օզերովը։

Տեղեկանք

ԿԱՊՏՀ-ն Կենտրոնական Աֆրիկայի երկրների ինտեգրացիոն միավորում է, որը հիմնադրվել է 1983 թվականին: Այն ներառում է Անգոլան, Բուրունդին, Գաբոնը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կամերունը, Կոնգոյի Հանրապետությունը, Ռուանդան, Սան Տոմե և Պրինսիպին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Չադը, Հասարակածային Գվինեան:

Կազմակերպության հայտարարած նպատակներն են մասնակից երկրների միջև ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, դրանց համակողմանի խորացմանը նպաստելը՝ սեփական տնտեսական ուժերի վրա հենվելով, ընդհանուր շուկայի ստեղծման առաջխաղացումը: